Հարկ վճարողի օրվան ընդառաջ, շարունակելով հարկ վճարողների հետ հանդիպումները, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր զրուցել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահը կարևորել է հարկ վճարելու մշակույթի ձևավորումն ու դրա նկատմամբ պատասխանատու և հոգատար մոտեցման ամրապնդումը՝ ընդգծելով հարկ վճարողների հետ ուղիղ շփումների նշանակությունը։ «ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը մեզ համար պարզապես ձևակերպումներ չեն․ դրանք մեր ամենօրյա աշխատանքի հիմքն են։ Մեր բոլոր փոփոխությունների կենտրոնում մարդն է, և հենց այդ պատճառով մենք հետևողականորեն շարժվում ենք բիզնեսին ավելի մոտ և գործընկերային կառույց դառնալու ուղղությամբ»։
Հանդիպման ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են նաև վերջին տարիների հարկային և մաքսային բարեփոխումները, առաջիկա ծրագրերը՝ օրենսդրական փոփոխություններից և թվայնացումից մինչև արհեստական բանականության կիրառումն ու օրինապահ հարկ վճարողների համար նախատեսվող նոր հնարավորությունները։ «Այս ամենի հիմքում նույն գաղափարն է՝ ստեղծել ավելի հարմար, կանխատեսելի և վստահելի միջավայր բիզնեսի համար»,- ընդգծել է Կոմիտեի ղեկավարը։
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ առանցքային է բաց ու անկեղծ հաղորդակցությունը հարկ վճարողների հետ: «Երբ կա փոխվստահություն, պետությունն ու բիզնեսը դառնում են գործընկերներ։ Այդ ճանապարհին արդեն ունենք շոշափելի արդյունքներ՝ ներառյալ ստվերի էական նվազումը, որը ոչ միայն վարչարարության, այլև մտածելակերպի փոփոխության արդյունք է»,- նշել է նա։
Հանդիպումն անցել է ջերմ ու բաց մթնոլորտում։ Բիզնեսի ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև ներկայացրել են առաջարկներ։ Կարևորվել է կառուցողական երկխոսության նման ձևաչափի դերը գործընկերային միջավայրի շարունակական ձևավորման, ինչպես նաև խնդիրների և գործնական լուծումների արագ արձագանքման գործում։