Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագիրը նպատակ ունի բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՎԶՄԲ-ի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) միջոցների հաշվին։ Ֆինանսավորման գումարը կազմում է 264.4 մլն ԱՄՆ դոլար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապա-հովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համա¬ձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:Հաշվի առնելով մշակութային ժառանգության պահպանման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ասիայի պետությունների միջև փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման, մշակութային ինքնության պահպանման և երկխոսության խթանման կարևորությունը՝ ՀՀ նախաձեռնել է «Ասիայում Մշակութային Ժառանգության Դաշինքին» միանալը՝ ԱՄԺԴ կանոնադրության վավերացման կամ հաստատման ձևաչափով։ ԱՄԺԴ-ը ստեղծվել է Ասիայի երկրների նախաձեռնությամբ՝ հավասարության, կամավորության, փոխադարձ հարգանքի և շահավետության սկզբունքների հիման վրա՝ որպես միջկառավարական կազմակերպություն, որի առաքելությունն է Ասիայի մշակութային ժառանգության պահպանման կարողությունների ամրապնդումը, ժառանգության և տնտեսական, սոցիալական, մշակութային ու բնապահպանական զարգացումների միջև ներդաշնակության ապահովումը, ժողովուրդների միջև կապերի խորացումն ու քաղաքակրթական արժեքների փոխանցումը։
Գործադիրը նաև հավանություն է տվել 1996 թ․ մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ-ի կողմից խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի որպես դրական քայլ և առաջընթաց երկրում մարդու իրավունքների, մասնավորապես՝ առողջության պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման ապահովման առումով:
Հավանություն է տրվել ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։