Կոշիկի մեջ հայտնված փամփուշտն այդ անգամ վրիպել էր: 4 տարի անց սկսված պատերազմն ավելի դաժան էր: Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմի լուրը եկավ, Սարգիսն ընտանիքի հետ Դիլիջանում էր: Հանգիստը կիսատ է թողել, մահապարտների ջոկատով Մեխակավան հասել:
Ժաննա Սահինյան (Սարգիս Սահինյանի մայրը) - Խաբել է, որ երկու երեխա ունի, թե չէ չէին տանի: Իրենց երկուսի համար գնաց, որ իրենք չգնան:
Շարունակվող պատերազմը իր ու եղբոր որդիների սերնդին չէր ուզում թողնել: Այն, ինչ իրենց սերունդն էր տեսել, ասում էր՝ բավ է: Սարգիս Սահինյանը խաղաղապահ ջոկատի ենթասպա էր, հատուկ առաքելությամբ միշտ աշխարհի թեժ կետերում է եղել, ծառայել Կոսովոյում և Աֆղանստանում: Արցախն էլ բացառություն չէր: Մարտի դաշտում կռիվը տվել, գործն էլ հաջողությամբ ավարտել էին: Հոկտեմբերի 13-ին Սարգսի հերթափոխի օրն էր, բայց մինչև մեքենան կհասներ, անօդաչուն տղաներին նկատել էր:
Լիլիթ Սահինյան (Սարգիս Սահինյանի կինը) - Զանգել, ասում էր՝ Լիլ ջան, պետք է ուժեղ լինել, սա ո՛չ Աֆղանստան է, ո՛չ Կոսովո, ո՛չ Ապրիլյան, երեխեքին կպահես: Ամեն վայրկյան սպասում եմ, որ գալու է:
Սարգսից մնացած եզակի հուշերն են: Պատվոգրերը, ստացած մեդալները, միշտ իրենից անպակաս խաչը: Լիլիթը հուզմունքը մի կերպ զսպել, 36-ամյա ամուսնու անցած ճանապարհի մասին պատմող իրերը Հայաստանի պատմության թանգարան է բերել:
Լիլիթ Սահինյան - Ապրիլյանից հետո հուշամեդալի արժանացավ խիզախության համար:
Ելիզավետա Աբաջյան - Մինչև վերջ չեմ հավատում:
Ո՛չ կարողանում է հավատալ, ո՛չ համակերպվել: Դեռ աչքը հեռախոսին է, տղայի զանգին է սպասում: Արմեն Առուստամյանն ընդամենը 1 տարի 4 ամիս էր ծառայել: Բանակում աչքի էր ընկել կարգապահությամբ ու ձեռքի ուժի մրցումներով:
Արմենը մշակույթի սիրահար էր, գրքերի նկատմամբ էլ թուլություն ուներ: Մասնակցել էր «Կենգուրուի» գրեթե բոլոր մրցույթներին: Ճարտարապետաշինարարականի 3-րդ կուրսի ուսանողը հասցրել էր նաև բուհում գերազանցությամբ աչքի ընկնել: Մոր հետ պայմանավորվել էին՝ ամեն օր չի զանգելու:
Տղաներից մնացած հուշերը, պատմություններն ու նրանց անձնական իրերը ծնողները պատմության թանգարան են բերում, աշխատակիցներին փոխանցում: Հանուն հայրենիքի անմահացած տղաների պատմություններն այստեղ մեկ-մեկ լսում ու գրի են առնում: Այս գործընթացը ղեկավարող տիկին Սեդան ասում է՝ տարբեր ճակատագրեր ունեցող տղաներին հայրենասիրությունն է միավորել:
Ռազմական բժիշկներ, կամավորներ, ժամկետայիններ: Այստեղ արդեն 50-ից ավելի պատմություններ են գրանցել:
Դավիթ Պողոսյան (Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն) - Պատասխանատվություն ու պարտք ունենք, սերունդները պետք է շարունակեն նրանց գործը:
«Հավերժի ճամփորդները» խորագրի ներքո, ամեն ուրբաթ ու շաբաթ պատմության թանգարանը շարունակում է հերոսացած տղաների մասին պատմությունները գրի առնել: Մտադիր են հետագայում նրանց մասին սերունդներին պատմել:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան