ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախորդ տարվա սեպտեմբերին իրականացված աուդիտի արդյունքներին և ասաց. «Կարող է քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվի, որ սև ցուցակում մնալ շարունակելը նշանակում է, որ այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մի քանի տարի առաջ, վերացված չեն: Նույն ԻԿԱՕ-ի արձանագրածը՝ այդ թերությունները վերացված են, ուղղակի այն ժամանակ ոչ ամբողջ ծավալով են իրականացվել ստուգումներ, և թերություններ են եղել, որոնք մեզ համար էլ հասանելի չեն եղել, որպեսզի մենք ջանքեր դնեինք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ոլորտի մասնագետները առավելագույնն անում են Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով բավականին առաջընթաց ունենք, դրա մասին խոսում են նաև թվերը. մենք նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղությամբ թռիչքներ ենք իրականացրել: Հայաստան և Հայաստանից ուղևորահոսքն աճել է, նախորդ տարի արդեն կազմել է ընդհանուր 5.7 մլն ուղևոր, և բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությամբ թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք և՛ եվրոպական ուղղություններով, և՛ այլ երկրների մասով: Երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք. խոսքը Երևան Լոնդոն-Երևան ուղղության մասին է: Արդեն հայտարարություն կա:
Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ: Մեկից ավելի ավիաընկերություններ են հայտարարել, և ամսաթվեր կան ֆիքսած, տոմսերի վաճառք կա ֆիքսած: Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի: Սա կլինի դեպի Բրյուսել ավիաընկերության երկրորդ, երրորդ իրականացվող թռիչքը, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն:
Քննարկում ենք «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալն ավելի մեծ ծավալով օգտագործելը, որովհետև Հյուսիս-հարավ ճանապարհի բացումից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը և այնտեղ մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից օրվա որոշ ժամերի Գյումրի՝ «Շիրակ» օդանավակայան հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան «Զվարթնոց» օդանավակայան հասնելը: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ քննարկում ենք, բացի Լառնակայից և ՌԴ-ից, նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցերը»:
Նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծված թողունակությունից ավելի է աշխատում: «Տարբեր մասնագետների կարծիքով՝ «Զվարթնոց» օդանավակայանը նախագծվել է մինչև 3.5, առավելագույնը 4 մլն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավելի էր, և նախորդ տարի միայն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6 տոկոս աճ ենք ունեցել: «Շիրակի» մասով, իհարկե, 33 տոկոս աճ ենք ունեցել, մոտավորապես 20-30 տոկոս ավելի է սպասարկում պոտենցիալից»,- ասաց Խուդաթյանը:
«Դա շատ լավ լուր է, և մենք այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը և Հայաստանը ավիացիոն հաբ դառնան կամ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անեն, և նաև սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնենք բոլոր ժամանակակից ստանդարտներին:
Ինձ համար աբսուրդ է, որ 21-րդ դարում կարող է որևէ մեկի մտքով անցնի, որ օդաչուն կարող է խցիկում ծխի: Ի՞նչ է եղել որ, կարող է թևն էլ պատուհանից հանի դուրս: Ասում ենք՝ հա, լավ, հասկացանք, ծխում է էլի, Կոպենհագենն է, ի՞նչ է: Բա մի հատ չծխի՞ հանգստանա, և այդպես շարունակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: