ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Կուբայի պետական նավթագազային Union Cuba Petróleo (CUPET) ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Կուբայի կոմունիստական վերնախավը էներգիան օգտագործում է որպես սոցիալական վերահսկողության և կլեպտոկրատական շահույթի գործիք», - բացատրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։
Ընկերությունն ընդգրկվել է ցուցակում, որում ներառված են ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց հետ ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործարար հարաբերություններ վարել:
Հունիսի 4-ին Սպիտակ տունը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի և երկրի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ընտանիքի մի քանի անդամի նկատմամբ։
Պետքարտուղարության ղեկավարը նաև հավելել է, որ քանի դեռ Կուբայի ժողովուրդը ձեռք չի բերել «ավելի մեծ տնտեսական ու քաղաքական ազատություն և հնարավորություններ», Վաշինգտոնը «կշարունակի հարվածներ հասցնել կոմունիստական վարչակարգի կարողությանը, որն էներգառեսուրսների առևտուրն օգտագործում է իր կոռումպացված օրակարգն առաջ տանելու և կղզու ժողովրդին դաժանորեն ճնշելու համար»:
Վերջին ամիսներին Վաշինգտոնն անընդհատ մեծացնում է ճնշումը Հավանայի վրա։ Վենեսուելայի նախագահ Մադուրոյի անկումից հետո այն ավելի է ուժեղացել։