ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին արծարծել է Կուբայում միջամտության հնարավորությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահները տասնամյակներ շարունակ դիտարկել են այդ հարցը, բայց հնարավոր է, որ դա անի հենց ինքը։ Ավելի վաղ Վաշինգտոնը մեղադրանք էր առաջադրել Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյին՝ 1996 թվականին կուբացի միգրանտների՝ Մայամիում տեղակայված հումանիտար կազմակերպության երկու քաղաքացիական փոքր ինքնաթիռ խոցելու համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ չորս քաղաքացի։
Իր հերթին, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախընտրում է դիվանագիտական ճանապարհով լուծել Կուբայի հետ տարաձայնությունները, սակայն դրա հնարավորությունը «մեծ չէ»։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Կուբան «ազգային անվտանգության սպառնալիք» է ներկայացնում ԱՄՆ-ի համար՝ հավելելով՝ նախագահ Թրամփն իրավունք և պարտավորություն ունի պաշտպանելու երկիրը ցանկացած սպառնալիքից։
Կուբայի արտգործնախարարն արձագանքել է՝ նշելով՝ Ռուբիոն ստում է, որպեսզի հրահրի ռազմական ագրեսիա, որը կհանգեցնի արյունահեղության: Բրունո Ռոդրիգեսը շեշտել է՝ Կուբան երբեք սպառնալիք չի եղել ԱՄՆ ազգային անվտանգության համար: Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ն է իր նավթային շրջափակմամբ համակարգված ագրեսիա իրականացնում կուբացի ժողովրդի նկատմամբ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: