ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի գլխավոր դաշնային դատախազ Ջեյ Քլեյթոնին ընտրել է որպես Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու։ Կոնգրեսը դեմ էր նախագահի նախորդ թեկնածուին՝ Դաշնային բնակարանային ֆինանսավորման գործակալության ներկայացուցիչ Բիլ Փուլթին` փորձի պակասի պատճառով։
Ջեյ Քլեյթոնը ներկայումս զբաղեցնում է Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազի պաշտոնը և վերահսկում է մի քանի աղմկահարույց գործ, այդ թվում՝ Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործը:
Ազգային հետախուզության ներկայիս տնօրեն Թուլսի Գաբարդը մայիսի վերջին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Իր որոշումը նա բացատրել էր ամուսնուն «ոսկրային քաղցկեղի հազվագյուտ ձևի» դեմ պայքարում օգնելու ցանկությամբ։ Գաբարդի աշխատանքային վերջին օրը հունիսի 30-ն է։
Reuters-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հաղորդել է, որ Գաբարդը հրաժարական է տվել Սպիտակ տան պահանջով։
Ավելի վաղ Թրամփը ակնարկել էր Գաբարդի հետ տարաձայնությունների մասին՝ Իրանի հարցում իրենց մոտեցումներում: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Գաբարդը «շատ ավելի մեղմ» դիրքորոշում ուներ Թեհրանի միջուկային հավակնությունները զսպելու հարցում: