Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվել է։ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Թագավորության դեմ հարձակումների։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ ամերիկյան ուժերի և Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարվածներն ուղղորդվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ CENTCOM-ը նշում է, որ երկու երկրների կործանիչները հարվածել են Իրաքի արևելքում գտնվող «ահաբեկչական բազմաթիվ լոգիստիկ և զենքի օբյեկտների»՝ որպես վճռական պատասխան վերջին 72 ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի ավելի քան 30 հարձակումների:
«Ամերիկյան ուժերի դեմ անհիմն հարձակումներն անհաջող են եղել», - հավելել է հրամանատարությունը։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է հարվածների մասին՝ նշելով, որ այդ խմբավորումները պատասխանատու են Թագավորության Արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա ԱԹՍ-ներով հարվածների համար։ Գերատեսչությունը հավելել է՝ էսկալացիա չի ցանկանում բայց կպատասխանի ցանկացած ագրեսիայի։ Հուլիսի 27-ին ևս Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը խոցել էին Իրաքից արձակված անօդաչուներ, որոնք թիրախավորում էին Արևելյան նահանգում և մայրաքաղաք Էր Ռիադում Թագավորության նավթային օբյեկտները։
Ռազմական գերատեսչությունում Իրանի պետական հեռարձակողի աղբյուրը հերքել է երկրի ներգրավվածությունը հարվածներին։
Իր հերթին, Իրաքի «Ժողովրդական զորահավաքի ուժերը» հայտարարել է, որ Բասրայում իր կենտրոնակայանին հարվածի հետևանքով վիրավորվել է խմբավորման երկու անդամ։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում ԱՄՆ-ի ավիաբազան և կենտրոնական հրամանատարության շտաբը՝ ի պատասխան Իրանի շահերի դեմ ամերիկյան գործողությունների։ Հորդանանը հայտնել է իրանական 5 հրթիռ խոցելու մասին:
Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն «անակնկալ հարձակման» ընթացքում Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի ուղղությամբ արձակել է բալիստիկ հրթիռներ, որոնք բոլորը հաջողությամբ խոցվել են։ CENTCOM-ը չի նշել, թե որ երկրում են թիրախավորվել ամերիկյան ուժերը։ Այս հարվածները տեղի են ունեցել վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ գրոհների դադարեցման ֆոնին։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան