Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 16,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 13,1 մլրդ դրամ: Իրականացվել է 6 ծրագիր, 33 միջոցառում:
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով 2024 թվականի համեմատ 2025 թվականին նախարարությանը հատկացվել է 5,1 մլրդ դրամով ավելի գումար: 2024 թվականի համեմատ հաշվետու շրջանում ծախսերը 3,8 մլրդ դրամով ավելի են եղել:
Նախարարության ապարատի և ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանության մասով հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը կատարվել է 98,7 տոկոսով:
Նախարարության ներքո գործող 10 ՊՈԱԿ-ների փաստացի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է շուրջ 3 մլրդ դրամ: Կովկասի բնության հիմնադրամի կողմից բնության հատուկ պահպանվող 4 տարածքներին 2025 թվականին հատկացվել է 220,6 մլն դրամ դրամաշնորհ:
Նախարարի խոսքով ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը կազմել են մոտ 3,1 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 185 մլն դրամով:
Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղվում են ոչ միայն պետական բյուջեի հատկացումները, այլև սերտ համագործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ նախարարությունն իրականացնում է տարբեր բնապահպանական ծրագրեր՝ ներգրավելով զգալի ֆինանսական միջոցներ: «Որպես զարգացող երկիր և բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի պատասխանատու գործընկեր՝ Հայաստանը կարևորում է միջազգային բնապահպանական և կլիմայական ֆինանսավորման դերը գլոբալ պարտավորությունների իրականացման գործում»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը և հավելել, որ միջազգային դոնորների աջակցությամբ ընթացքի մեջ են 35 ազգային և 4 տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում՝ 5 ծրագիր հաստատվել է 2025 թվականի ընթացքում՝ ընդհանուր 23,5 մլն ԱՄՆ դոլար բյուջեով:
Նախարարն անդրադարձել է նաև տարվա ընթացքում իրականացված միջոցառումներին և ձեռքբերումներին:
«Այսօր Հայաստանը գտնվում է կենսաբազմազանության կոնվենցիայի պատմական փուլում՝ պատրաստվելով 2026 թվականին ընդունել «COP 17»-ը և ստանձնել կոնվենցիայի նախագահությունը: Այս առաքելությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հյուրընկալել համաշխարհային օրակարգի քննարկումները, այլև մինչև 2028 թվականը նպաստել կենսաբազմազանության գլոբալ քաղաքականությունների առաջմղմանը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը: