Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ բարեկամ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ միջազգային հանրությունը կշարունակի խրախուսել Ադրբեջանին՝ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք և կատարելու վերջին քայլը՝ վերջնականորեն ստորագրելով խաղաղության համաձայնագիրը։ Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Tasnim գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը:
«Վստահաբար կարելի է նշել, որ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրվել են չափազանց կարևոր զարգացումներ։ Գիտեք, որ 2025 թ. օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այդ փաստաթղթով կողմերը վերահաստատել են միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և քաղաքական անկախության ճանաչումը՝ հիմնված 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Հստակ ամրագրվել է նաև, որ կողմերը չունեն և հետագայում չեն առաջադրի միմյանց նկատմամբ որևէ տարածքային պահանջ։
Նույն օրը ստորագրվել է նաև Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որով նրանք ողջունել են խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Բացի այդ, Երևանն ու Բաքուն համատեղ դիմում են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահությանը Մինսկի գործընթացի կառույցների լուծարման վերաբերյալ, ինչը պաշտոնապես դարձել է հակամարտության ավարտի ամենաբարձր մակարդակի հաստատումը»,- ասել է նա։
Դեսպանի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ իրավահարաբերությունների ձևավորման համատեքստում կարևոր է նշել 2024 թ. օգոստոսի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների միջև համատեղ գործունեության մասին ստորագրված կանոնակարգը:
«Դրանով Կողմերը հանձնառություն են ստանձնել առաջնորդվել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով, որին համապատասխան Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել և հարգել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացած 12-րդ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում և նշվել է նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ, ԱՀ և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև ՀՀ և ԱՀ սահմանն ԻԻՀ հետ սկսելու վերաբերյալ:
Եռակողմ պայմանավորվածությունների առանցքային ուղղություններից է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը, որին, վստահ եմ, հնարավորություն կունենանք առանձին անդրադառնալ։ Սակայն արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լրջագույն դրական տեղաշարժ են ապահովել խաղաղության օրակարգում՝ էապես նվազեցնելով անվտանգային ռիսկերը և ձևավորելով փաստացի խաղաղության միջավայր մեր տարածաշրջանում։
Այս համատեքստում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ բարեկամ Իրանի ակտիվ աջակցությունն ու ջանքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ։ Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ միջազգային հանրությունը կշարունակի խրախուսել Ադրբեջանին՝ ցուցաբերելու անհրաժեշտ քաղաքական կամք և կատարելու վերջին քայլը՝ վերջնականորեն ստորագրելով խաղաղության համաձայնագիրը»,- նշել է դեսպանը։