Հայաստանի պարտքը ոչ թե կրկնապատկվել է կամ ավելացել է 100 տոկոսով, այլ՝ 80 տոկոսով: Այսպես, վերջին 7 տարիներին մենք այնքան ենք ավելացրել եկամուտները, այդ թվում՝ պարտք ներգրավելու շնորհիվ, որ եթե որոշեինք 2026-ին վերադառնալ 2018 թվականի ծախսի մակարդակին, այդ ամբողջ պարտքը կկարողանայինք մարել ընդամենը 1,5 տարում: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2026 թվականի բյուջեն ներկայացնելիս:
«Խնայած գումարով կկարողանայինք 1,5 տարում պարտքը մարել: Ինչո՞ւ այդպես չենք անում, որովհետև այս ընթացքում մեր կարիքները և ամբիցիաներն էապես փոխվել են: Եթե մի պահ պատկերացնենք, որ որոշել ենք 1,5 տարում փակել 2018-ից հետո վերցրած պարտքը և վերադառնում ենք 2018-ի ծախսերի մակարդակին, ապա մենք պետք է ստիպված լինենք մեր բոլոր ծախսերը կրճատենք 58 տոկոսով: Եթե վերադառնայինք 2018-ի ծախսի մակարդակին, ստիպված կլինեինք պաշտպանության ծախսերը կրճատել 429 մլրդ դրամով կամ շուրջ 65 տոկոսով, կրթության ծախսերը՝ 178 մլրդ դրամով կամ 60 տոկոսով, սոցիալական ծախսերը՝ 489 մլրդ դրամով կամ 54 տոկոսով, տնտեսական զարգացմանն ուղղվող ծախսերը՝ 117 մլրդ դրամով կամ 50 տոկոսով: Հիմա ինքներդ որոշեք՝ մեր պարտքը կառավարելի՞ է, և պե՞տք է հենց հիմա վերադարձնել 2018-ի մակարդակին»,- ասաց նա:
Կառավարության պարտքի պորտֆելի ռիսկերի կառավարման տեսանկյունից, ըստ նախարարի, կարևոր նշանակություն ունի դրամային պարտքի կշռի ավելացումը, և եթե 2018-ի տարեվերջին դրամային պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում կազմում էր ընդամենը 19 տոկոս, ապա հաջորդող 6 տարիների ընթացքում այն շարունակաբար աճել է՝ 2024 թվականին հասնելով շուրջ 50,8 տոկոսի:
«Այս փոփոխությունները մեզ թույլ են տվել միաժամանակ հասնել մի քանի կարևոր արդյունքների, նախ՝ էականորեն նվազեցնել փոխարժեքի ռիսկը, այսինքն՝ ապահովել պարտքի սպասարկման զգայունությունը արտարժույթի տատանումների նկատմամբ, երկրորդ՝ կառավարության ֆինանսական կարիքները բավարարել հիմնականում ներքին շուկայի խնայողությունների հաշվին, որի արդյունքում պարտքի գծով տոկոսավճարները վճարում են մեծամասամբ երկրի ռեզիդենտներին, երրորդ՝ նպաստել պետական պարտատոմսերի շուկայի զարգացմանը, որն ընդհանուր ֆինանսական շուկայի զարգացման հիմնաքարն է: Այսինքն՝ այն պարտքը, որն ունենք այսօր, կառուցվածքային տեսանկյունից բազմակի որակյալ և կայուն է, քան ունեինք 2018-ին»,- ասաց նա: