Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, հայտարարել է Կրեմլի խոսնակը:
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Նա միաժամանակ հիշեցրել է, որ այդպիսի ռեժիմը հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում Եվրամիության մասնակից երկրների համար։
Պեսկովի խոսքով՝ այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է, ինչի մասին Երևանում շատ լավ գիտեն։
Կրեմլի մամուլի քարտուղարը հավելել է՝ Հայաստանի տնտեսական ինտեգրման հետագա ճանապարհի ընտրության հարցը դեռևս բաց է: Նա հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, սակայն միևնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, և ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը պետք է վերջնական որոշում կայացնի՝ հանրաքվեի միջոցով:
Խոսնակը նաև նշել է, որ վերջին օրերին Հայաստանի վարչապետից և արտգործնախարարից լսել են հայտարարություններ, որ Երևանը չի զբաղվի հակառուսական հռետորաբանությամբ: Դմիտրի Պեսկովը հավելել է՝ Հայաստանը և Ռուսաստանը, լինելով ԵԱՏՄ անդամներ, մնում են բարեկամներ և երկխոսություն են վարում:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան