Վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 42 հազար արական սեռի քաղաքացի ստացել է քաղաքացիություն, և նրանց ընդամենը 7 տոկոսը կամ 3000-ն են, որ դա արել են մինչև 27 տարին լրանալը: Գերակշիռ մասը սպասել է, որ 27 տարին լրանա, որ պարտադիր զինվորական ծառայության չանցնեն: Այդ մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է զինծառայության համակարգի վերաբերյալ օրենսդրական բարեփոխումների հետ կապված մտահոգություններին այն մասին, որ դա կարող է սոցիալական անարդարություն առաջ բերել, ապա Հայկ Սարգսյանի խոսքով, դա գալիս է ոչ թե սոցիալական անարդարություն բերելու, այլ վերականգնելու այս պահին առկա սոցիալական անհավասար իրավիճակը: «Քանի որ սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից՝ այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչի հնարավորությունը սոցիալապես կարիքավոր անձինք չունեն: Սրանով նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը մինչև զորակոչի տարիքի հասնելը:
Այսպիսով մենք գումարները ավելի ճիշտ ենք օգտագործելու, և այդ մեծ գումարները, ովքեր որ հարուստների ծնողները վճարում են այլ պետություններին քաղաքացիությունը փոխելու համար կամ վճարում բժշկական հանրությանը, կվճարեն արդեն պետությանը, և այդ գումարները սահուն կերպով կգնան մեր մյուս քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելուն: Պետական եկամուտները կավելացնենք և կուղղենք մեր քաղաքացիներին, ովքեր ծառայություն են անցնում»,- նշեց պատգամավորը:
«Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, մենք փորձում ենք հասնել նրան, որ ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազի, անցնենք մի իրավիճակի, երբ մեր քաղաքացիները կանցնեն կարճ ժամանակով զինվորական ծառայություն, որից հետո կհաշվառվեն պահեստազորում և մի քանի տարին մեկ կանցնեն 25-օրյա հավաքներ, և մենք կունենանք ակտիվ մեծ քանակությամբ պահեստազոր և կկարողանանք մեր երկրի սահմանները պաշտպանել և բանակը կկարողանա իր խնդիրները կատարել»,- ասաց նա՝ նշելով, որ հարցը կքննարկվի հաջորդ քառօրյայում: