Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ փետրվարի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա վերաբերում է 3 ուղղության:
Առաջինը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներին:
Մյուս ուղղությունը վերաբերում է միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին՝ յուրաքանչյուր աշակերտի համար 3000 դրամի չափով:
Երրորդ ուղղությունը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:
«Նախատեսվում է սահմանել նաև, որ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտահարկից փոխհատուցում ստանալու են նաև 2024 թվականի համար, այսինքն՝ հետադարձ ուժով:
Նոր ուղղություններ սոցիալական ծախսերի մասով, այդ թվում՝ 2024-ի ընթացքում կատարված, եկամտային հարկից փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ՝ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի, որոնց մասով վճարում կատարած լինելը հաշվի չի առնվում: Այսինքն՝ սա ավտոմատ է տեղի ունենում:
Նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից: Ընդ որում՝ 2024-ի մասով կրթական ծրագրերի մասով երաշխավորված լինելու հանգամանքը դիտարկվելու է հայտարարագրի ներկայացման պահի դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ: Այսինքն՝ 2024-ի ընթացքում մատուցված ծառայությունների մասով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է, որպեսզի կրթական ծրագրերը երաշխավորվեն մինչև հայտարարագրի ներկայացումը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշման նախագիծը համարեց սոցիալական և տնտեսական հեղափոխական նշանակություն ունեցող ծրագիր, նաև արձանագրեց, որ խոսքն աշխատող և եկամտային հարկ վճարող քաղաքացիների մասին է:
«Հարցը հետևյան է՝ մարդը աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց նաև զուգահեռ ծախս է արել այս ուղղություններով՝ Կառավարության սահմանած: Հիմա Կառավարությունը, երբ հայտարարագրում տեսնում է, որ մարդն այդ ծախսն արել է, ասում է՝ մինչև 100 հազար դրամ մենք վերադարձնում ենք»,- ասաց վարչապետը:
Սոցիալական կրեդիտը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ մարդը բնակարան է վարձով տվել, բնակարանի գումարը հայտարարագրել է, և հայտարարագրածից եկամտահարկ է վճարել:
Փաշինյանը նաև ընդգծեց. «100 հազար դրամ սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ քաղաքացու վճարած եկամտային հարկի մնացորդ գոյություն ունի: Այսինքն՝ այդ բոլոր ծախսերից, որ ստացել է, գոնե 100 հազար դրամ պետք է մնացած լինի իր եկամտահարկից, որ դեռ հետ չի ստացել, որ այս հատվածը հնարավորություն ունենա հետ ստանալ»: