Օրերս կայացել է «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստան» ծրագրի անտառային բաղադրիչին նվիրված աշխատանքային մեկնարկային բազմակողմ հանդիպում՝ տեղական և միջազգային գործընկերների մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի իրականացման գործընկերները՝ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Գերմանական GOPA խորհրդատվական ընկերության ներկայացուցիչները և այլոք։
Էկոպարեկային ծառայությունից հայտնում են՝ միջոցառմանը ներկա էր նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով կարևորեց ծրագրի դերակատարությունը Հայաստանի անտառային ոլորտի կայուն կառավարման և ինստիտուցիոնալ հզորացման գործում։
Ծրագրի կազմում առկա են երկու փոխլրացնող բաղադրիչ՝
-Կենսաբազմազանության պահպանություն և հատուկ պահպանվող տարածքների կառավարում,
-Անտառային բաղադրիչ, որը կենտրոնանում է անտառների կայուն կառավարման, վերականգնման և համայնքային ներգրավվածության վրա։
Հանդիպումը վերաբերում էր բացառապես անտառային բաղադրիչի աշխատանքներին՝ կենտրոնանալով Հայաստանի անտառային ռեսուրսների կայուն կառավարման, վերականգնման և արդյունավետ պահպանության առաջնահերթություններին։
Հանդիպման ընթացքում քննարկվեց ծրագրի ռազմավարական շրջանակը, դաշտային ուսումնասիրությունների կազմակերպումը և տեղական կառավարման միավորների կարողությունների ամրապնդման ուղիները։
Հանդիպումը հնարավորություն տվեց համադրել պետական կառույցների մոտեցումները և ձևավորել գործնական համագործակցության գործընթացներ՝ ապահովելով ծրագրի հաջորդ փուլերի համակարգված իրականացումը։
Հանդիպման ընթացքում հստակեցվեցին բաղադրիչի հիմնական ուղղությունները․
-ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գնահատում
-Թիրախային անտառային տնտեսությունների ընտրություն, դրանց գործողությունների, կառավարման մեխանիզմների և ռիսկերի գնահատում՝ ներառելով Էկոպարեկային ծառայության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներգրավվածությունը
-Անտառային կառավարման պլանների մշակման աջակցություն, հատկապես՝ հատուկ պահպանվող անտառային տարածքներում, համագործակցությամբ Էկոպարեկային ծառայության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ
-Համայնքային անտառային տնտեսությունների գործունեության ուսումնասիրություն և համայնքների ներգրավում ֆինանսական մասնակցային մոտեցմամբ
-Անտառային կառավարման մարմնի ընդհանուր արդյունավետության բարձրացում։
GOPA խորհրդատվական ընկերությունը ներկայացրեց առաջիկա 4 շաբաթների գործողությունների հստակ ծրագիրը, որը ներառում է՝
-կառավարման և գործառնական գործընթացների ձևավորում,
-հարկային և վարչարարական հարցերի հստակեցում՝ համաձայն 2018թ. միջկառավարական և ֆինանսական համաձայնագրի,
-շահագրգիռ կողմերի քարտեզագրում՝ հստակեցնելով ծրագրի նկատմամբ պատասխանատվություն կամ ազդեցություն ունեցող բոլոր կառույցները, որոնց շարքում առանձնացվում են նաև Էկոպարեկային ծառայությունն ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ը,
-մեկնարկային զեկույցի նախագծում և հաստատման աշխատաժողովի պատրաստում,
-դաշտային այց Վանաձորի տարածաշրջան՝ անտառային տնտեսությունների գնահատման և համատեղ քննարկումների համար։
Անտառային բաղադրիչը ներառում է նաև Էկոպարեկային ծառայության կարողությունների ամրապնդում. Ծրագրով նախատեսվում է՝
-տեխնիկական և հատուկ սարքավորումների տրամադրում,
-մասնագիտական վերապատրաստումներ,
-ծառայության ներուժի ներգրավում անտառների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործընթացներում։
Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրեցին իրենց գործունեության առանձնահատկությունները՝ հրդեհային կանխարգելումից մինչև անտառային իրավախախտումների հայտնաբերում ու արձագանքում, ինչը ծրագրի արդյունավետ իրականացման կարևոր նախադրյալ է։