Գյումրիում զանգվածային անկարգությունների դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 2 անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը։ Այդ մասին 1lurer.am-ին հայնտնում են Քննչական կոմիտեից:
1lurer.am-ի տեղեկությունների համաձայն՝ Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է կալանքը, իսկ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ՝ տնային կալանք, գրավ, պաշտոնավարման կասեցում և բացակայելու արգելք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Գյումրիում երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին, նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ՝ փորձելով թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել:
Ըստ այդմ՝ մեղադրանք էր ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին:
Մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է: