ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների հարցին՝ ինչու են հիմա՝ նախընտրական շրջանին մոտ, ընդունում կուսակցության էթիկայի կանոնագիրքը, և արդյոք դա ձայներ հավաքելու նպատակ չունի։
«Անկեղծ ասած, եթե որևէ կուսակցություն էթիկայի կանոնագիրք ընդունելով ձայներ հավաքի, դա միայն կուրախացնի ինձ, որովհետև սա կնշանակի, որ հանրությունը գնահատում է հարգալից ու ատելությունից զերծ խոսույթը և քաղաքական ուժի՝ այդ ուղղությամբ արված ջանքը։
Բայց կուսակցության Էթիկայի կանոնագիրքը ներքին փաստաթուղթ է և ուղղված է առաջին հերթին կուսակցության կայացմանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» բավականին երիտասարդ կուսակցություն է, և մեր քայլերն ուղղված են մեր ինստիտուցիոնալ զարգացմանը։ Այն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ։
Սակայն Կանոնագրքի ընդունմամբ մեր կուսակցությունը նպատակ ունի նաև նպաստելու փոխադարձ հարգանքի և բարեկրթության վրա հիմնված քաղաքական մշակույթի ձևավորմանը Հայաստանում։ Եվ, այո՛, այս սկզբունքները կարևոր են հատկապես նախընտրական շրջանում, երբ քաղաքական կրքերն առանձնակի են թեժանում»,- գրել է Բաթոյանը։