Օրերս «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հետ կապված գործընթացներում ունեցանք մի քայլ առաջընթաց, որը գործնական փուլի մասին վկայող քայլ է. դա «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, «Կասկադ» մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրումն է ներդրող գործընկերոջ հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները, և որի շնորհիվ մեր հետագա գործընթացը կիրականացվի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը:
«Հաջորդիվ նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որը ծրագրի իրականացման այն կոմպոնենտն է, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերություն, և այս երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումներն այնպիսին են, որ համայնքապատկան երկու հատվածներում կառուցապատման աշխատանքները հետագայում համայնքին հանձնվելիք կառույցի մասով և հարակից հատվածում իրականացվող շինարարությունը պետք է տեղի ունենան զուգահեռ, համընթաց, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքաշինական ամբողջ պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը:
Այս ծրագիրը նաև ներառում է հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգման և որպես քաղաքային այգի այն ձևավորելու նախաձեռնություն, որը ներդրումային առաջարկի մաս է:
Ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվելու են ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի:
Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը՝ շինարարության թույլտվության պահից հաշված, 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցելը»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց պայմանագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն շատ բարդ գործընթացներով է անցել:
«Տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում: Ոչ միայն քաղաքաշինական խնդիր ենք լուծում, այլև քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք: Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի թագարանի նոր տարածքներ և ստանում է տարատեսակ հանրային տարածքներ, որոնք վստահաբար ոչ թե քաղաքապետարանինն են, այլ քաղաքինը:
Գիտեմ՝ ախորժակը շատ մեծ է, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշեցնեմ, որ ունենք պայմանագրային որոշակի տրամաբանություն, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա: Խնդրում եմ՝ փորձենք մնալ մոտավորապես 70 մլն դոլարի շրջանակներում, դրանից շատ ավելի չանցնենք: Այսինքն՝ նախնական 50-ից դա դարձրել ենք 70-ի կարգի, խնդրում եմ՝ կարողանանք այդ շրջանակներում մնալ, որպեսզի արագ առաջ շարժվենք, որպեսզի ստանանք որակյալ ենթակառուցվածք»,- ասաց նա:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։