Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Թաիլանդ-Կամբոջա սահմանին իրավիճակը սրվել է: Թաիլանդի բանակի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին հայտարարել է, որ կամբոջացիները հրետակոծել են սահմանային տարածքները, այդ թվում՝ Անուպոնգի ռազմական բազան։ Արդյունքում մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են, բանակի հրամանատարությունը հրամայել է տարհանվել չորս սահմանային նահանգների բնակիչներին։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտության նոր սրացման ժամանակ թաիլանդական բանակը ավիահարվածներ է հասցրել հարևան երկրի մի քանի շրջանի «ռազմական թիրախներին»՝ ռազմական ենթակառուցվածքներ, զենքի պահեստներ, հրամանատարական կետեր ու լոգիստիկ ուղիներ, հայտարարել է Թաիլանդի բանակի խոսնակը։
Իր հերթին, Կամբոջան Թաիլանդի բանակին մեղադրել է Պրեահվիհեար և Օդդար Միենչեյ սահմանային նահանգներում իր զորքերի վրա հարձակվելու համար։ Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ թաիլանդական բանակը տանկային զենքերից գնդակոծել է նաև տաճարները, ընդ որում՝ Կամբոջան պատասխան կրակ չի բացել:
Այս երկու պետությունն ավելի քան մեկ դար վիճարկում են 800 կիլոմետր երկարությամբ սահմանը։ Երկարատև վեճի կենտրոնում է Պրեահվիհեար հինդուիստական տաճարային համալիրը և հարակից հողերը՝ այսպես կոչված «Զմրուխտե եռանկյունում», որը սահմանակից է Թաիլանդի Սուրին, Կամբոջայի Օդդար Միենչեյ և հարևան Լաոս նահանգներին։ Հակամարտության պատճառը գաղութային դարաշրջանից ի վեր գոյություն ունեցող սահմանների անորոշ սահմանազատումն է։