Հնդկաստանի արևմտյան Գոա նահանգի մարդաշատ գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 25 մարդ, 6-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շաբաթ օրը կեսգիշերից անմիջապես հետո՝ Արպորա գյուղի հյուրանոցի ներսում գտնվող դիսկոտեկում, որտեղ հաճախ են երեկույթներ կազմակերպվում:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել Իքսի իր էջում:
Նահանգի գլխավոր նախարար Պրամոդ Սավանտը հայտարարել է, որ ակումբում խախտվել են հրդեհային անվտանգության կանոնները, հաստատությունը գործել է առանց լիցենզիայի։
Գիշերային ակումբը գտնվում է շատ նեղ նրբանցքում, ինչը, ըստ տեղական իշխանությունների, հրշեջներին ստիպել է իրենց մեքենաները կայանել մոտ 400 մետր հեռու: Նրանք նշել են, որ սահմանափակ մուտքը խոչընդոտել է հրդեհաշիջման աշխատանքները։
Ըստ Indian Express-ի և մյուս լրատվամիջոցների՝ հրդեհի հավանական պատճառ կարող էր լինել գազի բալոնի պայթյունը կամ հրավառությունը։