Ուկրաինական պատվիրակությունը «հիացած է» երկրի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղության հասնելուն ուղղված՝ ԱՄՆ վերջին առաջարկով, սակայն նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ չի կարդացել այն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդ հայտարարությունն արել է կիրակի Վաշինգտոնում Քենեդիի կենտրոնում կայացած պատվո արարողության շրջանակներում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայն է այդ առաջարկին:
Մինչդեռ Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան իր Telegram ալիքում տեղեկացրել է նախորդ օրն ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ «Ամերիկացի բանագնացները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներին, և զրույցը կառուցողական էր, թեև դժվար»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։
Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, բայց դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի և Զապորոժիեի ատոմակայանի ապագայից: Ըստ նրա՝ մնացած ամեն ինչ բավական հարթ կլուծվի:
Reuters-ի տվյալով էլ՝ Ռուսաստանը ներկայումս վերահսկում է Ուկրաինայի տարածքի 19,2 տոկոսը, այդ թվում՝ Ղրիմը, ամբողջ Լուգանսկի մարզը, Դոնեցկի մարզի ավելի քան 80 տոկոսը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մոտավորապես 75 տոկոսը, ինչպես նաև Խարկովի, Սումիի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերի մի մասը։
ԱՄՆ-ի նախնական առաջարկների համաձայն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը կվերագործարկվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։