ՇՄՆ-ից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով։
UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ և հանդիսանում է բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը՝ նվիրված գլոբալ բնապահպանական քաղաքականությանը և օրակարգերին։ UNEA-7-ը փաստացի նաև COP17-ից առաջ կայանալիք վերջին խոշորագույն բարձրաստիճան միջազգային միջոցառումներից է։
Նախարարի մասնակցությունը միջոցառմանը կարևոր նշանակություն ունի՝ որոշումների կայացման գործընթացում լիարժեք ներգրավված լինելու, անհրաժեշտ գործընկերային կապերի և հաղորդակցությունների ստեղծման, ինչպես նաև բանակցային աշխատանքների պատշաճ ապահովման տեսանկյունից։
Նախարար Համբարձում Մաթևոսյան կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ և առանցքային միջոցառումներին հանդես կգա ելույթներով։
UNEA-7-ի շրջանակում նախատեսվում են նաև COP17-ի լոգոյի թողարկումը և հայեցակարգի ներկայացումը՝ կարևոր ազդակ հանդիսանալով առաջիկա գագաթնաժողովի հաղորդակցային և քաղաքական օրակարգի համատեքստում։