Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:
Դեյվիդ Քարի․
- Շնորհակալություն, պարոն վարչապետ, այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։ Պատմեք, խնդրում եմ, ինչ հեռանկարներ կան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ կապված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան․
- Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սա իսկապես լավ հնարավորություն է և պատիվ։ Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։
Դեյվիդ Քարի․
- Հրաշալի է։ Հազարամյակներով Հայաստանը գտնվել է Աբրահամյան կրոնների խաչմերուկում։ Տնտեսությունից անդին անցնելով, ինչպե՞ս կարող է Հայաստանը մշակութային առումով դառնալ միջկրոնական երկխոսության մաս մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և մյուսների միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան․
- Արդեն նշել եմ, որ մեր երկրում ունենք տարբեր կրոնական համայնքներ։ Իհարկե, մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, կան որոշակի ուժեր, ինչպես ամենուր, որոնք փորձում են սադրիչ քայլեր անել դրսից, բայց մեր ինստիտուտները հաջողությամբ արձագանքում են դրանց՝ թույլ չտալով որևէ մեկին լարվածություն սերմանել կրոնական համայնքների միջև։
Մեր երկրում տեղի է ունենում իրական երկխոսություն։ Ինչպես նշել եմ, մեզ մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը և այդ համայնքը մեր երկրի, ազգային ժառանգության շատ կարևոր մաս է կազմում։ Իհարկե, մենք մեծ հարգանք ենք տածում մահմեդականների, հրեաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ։ Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց մենք ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցի, և այլ եկեղեցիներ։ Սա մեզ համար շատ կարևոր ավանդույթ է։