««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է հստակեցնել օրենքի լիազորող նորմերը: Այս մասին ասել է հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 10-ի արտահերթ նիստում օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ըստ նրա՝ որոշ լիազորող նորմեր խմբագրվել են, իսկ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքից հանվել է տարեկան ծրագրին առնչվող լիազորող նորմը: Առաջարկվում է հանել նաև «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից` «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:
Միաժամանակ, նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման մեթոդական ուղեցույցների մշակումն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ հաշվի առնելով որոշ դեպքերի առանձնահատկությունները:
Նշվել է, որ անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար: Նախագծով Կառավարությանը լիազորվում է սահմանել այդ առանձնահատկությունները:
Տաթևիկ Ստեփանյանի հավաստմամբ՝ նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն ՀՀ օրենսդրությունը համահունչ դարձնել 2019 թվականի ապրիլի 29-ի «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ: Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսվում է` «Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի»:
Ըստ փոխնախարարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը 2024 թվականից ամբողջությամբ անցնելու է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգին, նախատեսվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները:
Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարևորել է Կառավարության ջանքերը՝ ուղղված ոլորտի պարբերաբար բարեփոխմանը: Նա գործընկերներին կոչ է արել ձեռնպահ մնալ և չընդունել նախագծերով առաջարկվող մի շարք փոփոխությունները:
Տաթևիկ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորի առաջարկություններին և դրանք անընդունելի համարել: Նա նաև փաստել է, որ Կառավարությունը չի ստացել այդ առաջարկությունների գրավոր տարբերակը:
Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկել է հարցի քննարկումը հետաձգել մինչև երկամսյա ժամկետով, այդ ընթացքում համալիր անդրադառնալ Զարուհի Բաթոյանի առաջարկություններին:
Հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է ընդդիմադիր պատգամավորի առաջարկությունը:
Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի առաջարկությանը, որը ներառվել է փաթեթում:
Պատասխանելով Աղվան Վարդանյանի՝ 44-օրյա պատերազմի մասնակից հաշմանդամ դարձած տղաների դժգոհությունների վերաբերյալ հարցին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են տղաների հետ և պարբերաբար իրականացնում են մշտադիտարկում: Նրա հավաստմամբ՝ Կառավարությունը միայն պրոթեզավորման մասով շուրջ 40 մլն դրամ փոխհատուցում է տալիս:
Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին, այն կներառվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում: