Բարձրավոլտ գծերում, պարզվում է, Հայաստանը տարեկան մոտ 100 մլն Կվտ/ժամ էլեկտրաէներգիայի կորուստ է ունենում։ Համակարգում հոսանքը պակասում է՝ արտադրող կայանններից լարերով, ցանցերով այն ՀԷՑ հասցնելու ճանապարհին: Որևէ մեկը դրա համար մեղավոր չէ, և կասկածելի ոչինչ այստեղ չկա՝ բացատրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։
Աշոտ Ուլիխանյան (ՀՀ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչության պետ) - Սա անխուսափելիորեն տեղի է ունենում՝ բացառապես տեխնիկապես տեղի է ունենում՝ կախված, թե ինչ սպառում ենք ունենում՝ կարա 100 մլն-ից շատ կամ քիչ լինի, մոտ 1-2 տոկոս․․․
Շեղումը որքան էլ կազմի՝ հոսանքը տեղափոխող «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» պետական ընկերությունը նույն չափով այն գնում-վերականգնում է․ էներգետիկ շուկայի ազատականացումից հետո՝ դա արվում է հաշվեկշռող կազմակերպությունների միջոցով, երբեմն սահմանված առավելագույն սակագնով։ Որպեսզի «Բարձավոլտում» կարողանան կորուստը լրացնել ոչ թե ամենաթանկ, այլ «օր առաջվա շուկայի» էժան հոսանքով․․․ Հանրային ծառայություններում խթանիչ մեխանիզմ են մշակել։ Իրավական ակտերի միասնական կայքում նախագիծ են քննարկման դրել՝ համաձայն որի՝ եթե բարձրավոլտ էլեկտրացանցերը սակագնի վրա ազդող այդ գնումների համար հատուկ մասնագետ պահի և կորուստները լրացնելիս խնայողություն ունենա, գումարի կեսը իրեն կթողնեն։
Աշոտ Ուլիխանյան - էդ ծախսը սակագնում ներառվում է, իսկ երբ որ էս մեխանիզմով հնարավորություն ենք տալիս, որ ցածր սակագնով ձեռք բերի, առաջանում է խնայողություն, որի մի մասը թողնում ենք իրեն, մնացածը նվազեցնում ենք սակագնում։
Սպառողի հոսանքի վրա՝ այս նորույթը ֆինանսական ազդեցություն գուցե թողնի հաջորդ տարվա սակագնային հաշվարկների ժամանակ միայն՝ փետրվարից։ էներգետիկ շուկայի մեկ այլ խաղացող՝ Հայաստանի էլեկտրական ցանցերն էլ, օրեր առաջ Կարգավորիչ մարմնի ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ թույլ տված խախտման պատճառով․ տուգանվեց համակարգին բաժանորդների միացումն ուշացնելու համար։
Աշոտ Ուլիխանյան - Քանի որ դա հանձնաժողովի որոշմամբ հաստատված կանոնների պահանջ էր, որը չէր կատարվել, օրենքով նախատեսված չափով տուգանվեց՝ 20 մլն դրամ․․․
Ինչ վերաբերում է բարձրավոլտի նախագծին՝ «Դրաֆթ»-ում այն կքննարկվի ևս մեկ շաբաթ: