Արցախյան 1-ին պատերազմում տարած հաղթանակն իրականում մթագնվեց ՄԱԿ ԱԽ-ի՝ 1993-ի ապրիլի 30-ից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակաշրջանում 4 բանաձևերով:
«Այդ բանաձևերում ասվում է, որ Ադրբեջանի շրջանները գրավվել են հայկական ուժերի կողմից, պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի է համարվում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, հայկական ուժերն անվանվում են «օկուպացիոն», ԼՂ-ն անվանվում է ադրբեջանական հանրապետության ռեգիոն, ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պահանջվում է գրավված տարածքների և Լեռնային Ղարաբաղի փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ ու արժանապատիվ վերադարձ իրենց տներ:
Եթե ԱԽ բանաձևերի ձևակերպումները փորձենք ավելի պրակտիկ ներկայացնել, սա նշանակում էր, որ ռազմական գործողությունների արդյունքում գրանցված ձեռքբերումները միջազգային հանրության տեսակետից չէին կարող հետագայում դրվել ԼՂ հարցի կարգավորման հիմքում: Իսկ ԼՂ-ն էլ միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի ռեգիոն:
90-ականներին հենց այս նրբություններին էին տիրապետում փորձագետները (Արկադի Ղուկասյան, Ռոբերտ Քոչարյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան, Տեր-Պետրոսյան - խմբ.), որոնք հասկանում էին, որ կանոնների խախտմամբ արձանագրված հաջողությունը «հաշիվ չէ», այնպես, ինչպես (թող ներվի ինձ այս կոպիտ համեմատությունը) կանոնների խախտմամբ խփած գոլը ֆուտբոլում չի հաշվվում»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ փորձագետները գիտեին, բայց չէին ասում, որ Հայաստանը Ալմա-Աթայում կողմ է քվեարկել հենց Սովետական Ադրբեջանի սահմաններով նորանկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, անխախտելիությունը ճանաչող փաստաթղթին, այն է՝ ընդունել է այդ փաստաթուղթը՝ ԼՂ-ն ճանաչելով Ադրբեջանի կազմում, և չէին ասում ոչ միայն սուբյեկտիվ, այլև օբյեկտիվ պատճառներով:
«Օբյեկտիվ կարելի է համարել այն, որ հաղթանակի և հաջողության պահին դա ասելը ոչ միայն դժվար է, այլև կարող է բերել անկանխատեսելի հետևանքների և քաոսի:
Սուբյեկտիվն այն է, որ պետք է հարց հնչեր ու մեղադրանք՝ բա ինչո՞ւ եք ճանաչել, ու երևի համարձակություն էր պետք խոստովանելու համար, որ այդ ժամանակ՝ 1991-ին, դեռ հակամարտության ընթացքը պարզ չէր, հայտնի չէր՝ տարածքային ամբողջականության սկզբունքը մեզ որքան է հարկավոր, Ադրբեջանին՝ որքան»,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ հաջողության պահին անհաջողության մասին խոսելն ընդունված չէ:
«Այս կանոնին է հավանաբար ենթարկվում Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 1996-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին հենվում էր հաղթանակի էյֆորիայի վրա, իսկ դառը բաներ ասաց այն ժամանակ, երբ հայտնի էր, որ ինքը ոչ լեգիտիմ ընտրություններից հետո դժվարություններ ունի ՀՀ նախագահի պաշտոնում: Նա թերևս ուզում էր պատմականորեն հեռացած լինել ոչ թե ստի, այսինքն՝ նախագահական ընտրություններում արձանագրված կեղծիքի, այլ ճշմարտության պատճառով, դառը ճշմարտության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: