Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի հիմնարար հարցերում չեն հասել համաձայնության: Լրագրողների հետ զրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ու միջազգային երաշխիքների ստեղծումն է: Նույնիսկ այսօրվա իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում, որովհետև Լաչինի միջանցքում, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը, այսինքն՝ բոլորը բոլոր պայմանավորվածություններին հավատարիմ կմնան:
Բրյուսելում մայիսի 14-ին նախատեսված Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը ևս մեկ հանդիպում կհաջորդի Քիշնևում, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը՝ ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Արևմուտքն առաջարկներ չի ներկայացնում:
Արմեն Գրիգորյան - Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախկինում ՌԴ-ն է առաջարկություններ ունեցել, այդ առաջարկությունները հրապարակային հայտնի են, որից մեկը վերաբերում է, օրինակ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգում և նմանատիպ այլ հարցեր: Ընդհանուր առմամբ, այս պահին բանակցություններն ավելի շատ երկկողմ են, միջնորդները փորձում են օգնել, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցենք:
ԿՈՊԻՐԿԻՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎՍ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կկայանա նաև Մոսկվայում: Սերգեյ Կոպիրկինը վերահաստատեց, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է կողմերի հետ, ակտիվորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը, լրացուցիչ ազդակ հաղորդում սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման ու այլ հարցերում:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Ռուսական խաղաղապահ առաքելությունն աշխատում է Լեռնային Ղարաբաղում՝ լուծելով այն խնդիրները, որոնք իր առջև դրված են, չնայած բոլոր հարցերին, նպատակ ունենալով աջակցել իրավիճակի կարգավորմանը, ներառյալ Լաչինի միջանցքի բացումը:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 44-ՕՐՅԱՅԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Քննչական կոմիտեի ղեկավարն էլ անդրադարձավ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների նախաքննությանը, հայտարարեց՝ դրանց մի մասն արդեն դատաքննության փուլում է: Կոմիտեում բազմաթիվ վարույթներ հարուցված են նաև դասալքության հատկանիշներով՝ նշեց Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով 5-րդ շարասյան վերաբերյալ հայտարարություններին:
Արգիշտի Քյարամյան (ՀՀ ՔԿ նախագահ) - Հինգերորդ շարասյուն կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, և այդ հինգերորդ շարասյան վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում: Գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, հանրային շահից ելնելով, դեռևս չի հանրայնացվել: Բայց կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը և մեր հանրությունը կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանը, հստակ կիմանան՝ ովքեր են հինգերորդ շարասյան ներկայացուցիչները, ում պատճառով մենք պարտվեցինք, ինչի պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները՝ ոնց սկսվեց և ոնց ավարտվեց:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ Կառավարության անդամները, պատգամավորները, պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի ներկայացուցիչները «Հաղթանակ» զբոսայգում ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:
Պետական այրերը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ շնորհավորեցին վետերաններին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան