Արցախի դրոշի դիզայնով նշանը կրծքին՝ Միջազգային քրեական դատարանի չորրորդ նախագահ, դատավոր Չիլի Էբոի-Օսուջին Երևանում մասնակցում է միջազգային համաժողովի:
«Ճշմարտության և արդարության» կենտրոնը Երևանում է համախմբել իրավաբանների և միջազգային իրավունքի փորձագետների ամբողջ աշխարհից: Համաժողովը կրում է «Մարդու իրավունքներ և հաշվետվողականություն. ճանապարհ՝ Լեռնային Ղարաբաղին ընդառաջ» խորագիրը: Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու՝ Հաագայի դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից անտեսելու մասին հարցին Չիլի Էբոի-Օսուջին պատասխանում է՝ կարևոր է հարգել միջազգային օրենքն ու միջազգային դատարանների վճիռները:
Չիլի Էբոի-Օսուջի (Միջազգային քրեական դատարանի դատավոր) - Եթե ցանկանում ենք, որ միջազգային իրավունքը մեզ պաշտպանի, բոլորս պետք է հարգենք այն: Արդարադատության միջազգային դատարանն անկախ, անաչառ կառույց է, որի դատավորները ուսումնասիրում են տվյալ գործը, նրանք անձնական հետաքրքրվածություն չունեն տվյալ հարցում: Ահա թե ինչու հարկավոր է հարգել որոշումները: Միայն այդ կերպ միջազգային իրավունքը կարող է պաշտպանել մարդկությանը, նույնիսկ այն պետություններին, որոնք կարող է թվալ, թե ուժեղ դիրքերում են, քանի որ վաղը իրենք էլ կարող են ունենալ միջազգային իրավունքի պաշտպանության կարիքը:
Համաժողովի վերջին օրվա հիմնական բանախոսը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն է: Նա միացավ հեռավար, քանի որ այս օրերին Միացյալ Նահանգներում է՝ արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում: Եղիշե Կիրակոսյանն անդրադարձավ Ադրբեջանի դեմ Հայաստանի նախաձեռնած միջազգային դատավարություններին:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Մեզ համար հրամայական է շարունակել միջոցների ձեռնարկումն ու ջանքերի գործադրումը միջազգային դատարաններում: Միջազգային դատավարությունները ոչ միայն երկարաժամկետ ազդեցություն են ունենում, նաև անմիջական հետևանքներ են առաջացնում տեղերում: Երբ խոսում ենք երկրի դիրքորոշման մասին կամ Ադրբեջանի կողմից միջազգային իրավական նորմերին ու պահանջներին համապատասխանելու մասին, պետք է լինեն միջազգային մեխանիզմներ. դրանք կարող են լինել պատժամիջոցներ, հարկադրանքի միջոցներ: Այդ միջավայրը ձևավորելու նպատակով պետք է բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, միջազգային իրավական խնդիրներ՝ դրանք ներկայացնելով փաստարկված: Սրանով է հիմնավորվում դատավարություններին հետամուտ լինելու Հայաստանի ձգտումը:
Քննարկվել են նաև տարբեր երկրների տեղական դատարաններ հայցեր ներկայացնելու հնարավորությունները: «Ճմշարտության և արդարության» կենտրոնի համահիմնադրի խոսքով՝ նույնիսկ առանց դատական գործընթացի կարելի է միջազգային շուկայում կանխել Հայաստանից ու Արցախից գողացված ու կորսված մշակութային արժեքների վաճառքը:
Մելինե Մայիլյան («Ճմշարտության և արդարության» կենտրոնի համահիմնադիր) - Ունենք վկայություններ Շուշիի թանգարանից, այդ անձից վերցրել ենք վկայություններ, անունը, որտեղից, երբ է գնվել: Դրանք պետք է ռեգիստրացիա արվեն միջազգային կայքերում, որպեսզի կտորները, որ չեն կարողացել բերվել, Ադրբեջանը չկարողանա վաճառել միջազգային շուկայում, կամ գնորդը իմանա՝ այն չէ, ինչ ներկայացվում է:
Ավետիք Հարությունյան (փաստաբան, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր) - Այս զեկույցները կկարողանանք տպագիր ունենալ, համագործակցության մակարդակում կտպագրենք «Գիտական Արցախում» և հասու կդարձնենք հանրությանը եռալեզու տարբերակով:
Այստեղ ակնկալում են՝ համաժողովի արդյունքը կլինի նաև, որ միջազգային հարթակներում մեծացվի Արցախի շուրջ ձևավորված խնդիրների մասին տեղեկատվությունը: