Միջազգային ինչ մեխանիզմներով է հնարավոր Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունները, այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե Արցախի բնակիչները իր երկրի քաղաքացիներն են, ու ինքն է որոշելու՝ երբ և ինչպես բանակցել նրանց հետ: Այս հարցին անդրադարձել են ԱԺ բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը նման բանակցություն որևէ կերպ չի պատկերացնում:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Մենք չենք կարող արցախցիներին ուղղակի թողնել բախտի քմահաճույքին ու ասել՝ ադրբեջանցիների հետ ինչ բանակցեն, ինչ ռեսուրսով բանակցեն, եթե մենք խոսում ենք, որ Արցախը չճանաչված պետություն է, ինչպե՞ս ենք պատկերացնում միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում նրանց կարգավիճակը, ուրեմն պետք է առաջին հերթին ճանաչել Արցախը, այնուհետև՝ որ Արցախն ունենա իրավական կարգավիճակ և հնարավոր լինի որպես այդպիսին բանակցությունների սեղան նստել:
Ըստ Թովմասյանի՝ Հայաստանը պարտավոր է Արցախի շահերը ներկայացնել: Ավելի կտրուկ արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը, նա ընդհանրապես իրատեսական չի համարում նման բանակցությունները:
Աղվան Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Որևէ միջազգային ռեալ դրդապատճառ, որ Ադրբեջանը բանակցի Արցախի իշխանությունների հետ, սա էլ առանձին հարց է Արցախի այսօրվա իշխանությունները, այսօր ես չեմ տեսնում, դա չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք այսպիսի թուլակամ իշխանություն:
Թե ինչ մեխանիզմներով կլինեն բանակցությունները, այս պահին դեռ հայտնի չէ՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը, այս պահին այդ հարցերը քննարկվում են: Կոնկրետություն չկա անգամ՝ ի՛նչ ձևաչափով կլինեն այդ բանակցությունները՝ Մինսկի խմբի շրջանակո՞ւմ, թե՞ այլ:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Բնականաբար խոսակցությունները գնում են հնարավորինս արդյունավետ մեխանիզմների համար, որ էդ երկխոսությունը հնարավորինս ստացվի, և մենք կարողանանք այդ առումով քայլ առաջ անել և կարողանալ ապահովել արցախահայության իրավունքները իրենց հողում:
ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶՍՊՈՂ ԳՈՐԾՈՆ
ԵՄ դիտորդական առաքելության՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվելու վերաբերյալ: Նախատեսվում է գործընթացը մինչև հոկտեմբերի վերջ իրականացնել: Իսկ արդյոք առաքելությունը կնպաստի՞, որ հակառակորդը լքի Հայաստանի ինքնիշխան տարածքը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այստեղ մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, այո՛, Ադրբեջանը պիտի դուրս գա մեր տարածքներից, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով, այդ առաքելությունը միանշանակ, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը կրկին մերժել ապաշրջափակման առաջարկը, և արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ալիևը շարունակում է միջանցք պահանջել, ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանը նշեց՝ պետք է չէ լսել Ալիևի ուղերձները՝ ուղղված ներքին լսարանին, հորդորեց հետևել պաշտոնական հայտարարություններին:
Հռիփսիմե Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Օրինակ՝ վերջերս Ժնևում տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարարի և Ադրբեջանի իր գործընկերոջ՝ ԵՄ-ի կողմից միջնորդված եռակողմ հանդիպում, որից հետո ևս հրապարակվեց մամլո հաղորդագրություն, որտեղ ասվում էր, որ գոհունակություն է հայտնվում առ այն, որ կա փոխադարձ երկուստեք ըմբռնում առ այն, որ ապաշրջափակվող ճանապարհները լինելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնցով որ դրանք անցնում են: Դրանից առաջ սրա մասին խոսել է նաև Օվերչուկը մեկ այլ հարթակում: Ես պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում եմ և հայտարարում՝ չկա ընդհանրապես ինքնիշխան մեր տարածքից միջանցքի մասին խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում:
Սահմանագծման ու սահմանազատման համար պետք չէ՞ արդյոք, որ ադրբեջանական զինված ուժերը հետ քաշվեն Հայաստանի տարածքից՝ հետաքրքրվեցին լրագրողները: Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց՝ զորքերի հետքաշման մասին կա հստակ պահանջ ինչպես Հայաստանի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ միջազգային լայն հանրության կողմից: