Ադրբեջանը շարունակում է զինվել՝ ստանալով Թուրքիայի բացահայտ աջակցությունը: Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատականով՝ թեպետ այդ երկրին հասցեական կրակի դադարեցման կոչ են արել միջազգային խաղացողներ, երկարատև խաղաղության համար անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ՝ պատժամիջոցներից մինչև ռազմական օգնության դադարեցում:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Ադրբեջանը կիրառել էր Թուրքիայի օգնությամբ ստեղծած «Կոմանդոս» հատուկ նշանակության լեռնային բրիգադների ստորաբաժանումները՝ նախատեսված լեռնային մարտերի համար, և Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Եվ օգտագործել է իր զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ մանրամասնում է Ադրբեջանի հարցերի փորձագետը, շեշտում՝ դրանք ուղղվել են դեպի բնակավայրերը, փաստերն արձանագրված են:
Սկսած հեռահար հրետանուց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից` Ջերմուկի համար օգտագործել էին «Գրադ», Գորիսի, Վերին Շենի համար ևս, տարբեր տրամաչափի հրետանի, ականանետներ, նաև հրաձգային զինատեսակներ, նաև ԱԹՍ-ներ` հարվածային և հետախուզական նշանակության:
Թե երբ սկսել հարձակումը՝ Ադրբեջանի դեպքում զուտ հաշվարկ է՝ նշում է Տարոն Հովհաննիսյանը: Ադրբեջանն իր առջև ունի դրած ռազմաքաղաքական խնդիրներ, որոնք փորձում է լուծել, քանի 2020-ի պատերազմից հետո մեր զինված ուժերը դեռ այն պատրաստվածությանը չեն, իսկ միջազգային իրադրությունն էլ անբարենպաստ է խոշոր խաղացողների ուշադրությունը Հարավային Կովկասի ուղղությամբ կենտրոնացնելու համար:
Արդյունքում՝ Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ, Ադրբեջանը այս հարձակմամբ կարողացավ ռազմական առումով իր առջև դրված խնդիրների մի մասը լուծել` զբաղեցրել է ՀՀ-ում դիրքեր, որոնք ՀՀ զինված ուժերն էին զբաղեցնում, զավթել է նոր տարածքներ և վտանգ է ստեղծել սահմանամերձ մի շարք բնակավայրերի, այդ թվում` Ջերմուկի համար, նաև իր նպատակներից մեկը վախի մթնոլորտ ստեղծելն է սահմանամերձ բնակավայրերում, բայց չի լուծել քաղաքական խնդիրները:
Իր առջև դրված քաղաքական խնդիրներից մեկը պարտադրելն է, որ Հայաստանը ստորագրի փաստաթուղթ, որով հրաժարվում է Արցախից և իրեն տրամադրում միջանցք: Եվ քանի որ քաղաքական այս խնդիրները չի լուծել, նոր ռազմական ագրեսիան հավանական է: Ընդգծում է` բայց դա չի նշանակում, որ քաղաքական պահանջներով փաստաթղթի ստորագրումը երաշխիք է, որ ագրեսիային վերջ կդրվի:
Տարոն Հովհաննիսյան - Ցանկացած պահանջի իրականացումից հետո կարող են և առաջ են քաշում նոր պահանջներ. 2021-ին դիրքավորվել էր գերիշխող բարձունքներում, և այդ գերիշխող բարձունքների հանգամանքը օգտագործելով` նոր դիրքեր է զավթել, որոնց 90 և ավելի տոկոսը լիարժեքորեն ապահովված են թիկունքային մատակարարմամբ և դիրքային գերիշխանությամբ: Դա թույլ կտա շատ արագ իրականացնել ինժեներական, ամրաշինական աշխատանքներ:
Համացանցում տարածվող տեսանյութերին, թե Ադրբեջանը նոր զենք է գնում, Հովհաննիսյանը մանրամասնում է՝ Ադրբեջանը զենք գնելը չի էլ դադարեցրել: Պատերազմից հետո Ադրբեջանը շեշտակի ավելացրել է ռազմական բյուջեն, որի մեծ բաժինը զենք-զինամթերք ձեռք բերելն է: Նշում է՝ այդ ուղղությամբ ունի Թուրքիայի բացահայտ և ակտիվ աջակցությունը: Իսկ մեր դեպքում մեծ խաղացողները թեպետ հասցեական, բայց դեռ միայն կոչերով են հանդես գալիս:
Տարոն Հովհաննիսյան - Կարճաժամկետ իմաստով հայտարարությունները կարող են աշխատել, ինչը որ հիմա ժամանակավոր հրադադար կարող ենք համարել, այստեղ կա թե՛ ՌԴ-ի, թե՛ Ամերիկայի ակտիվ միջնորդությունը, թե՛ կարող են լինել իրանական կողմի հայտարարությունները:
Ադրբեջանական ագրեսիան երկարաժամկետ զսպող մեխանիզմներ այս պահին միջազգային խաղացողների կողմից ներդրված չեն:
Տարոն Հովհաննիսյան - Կան հայտարարություն իրականացնող պետություններ, որոնք պարզ չէ, թե ինչ իրավիճակում կդիմեն ռեալ քայլերի, պարտադիր չէ` դա ռազմական օգնություն լինի, կարող է տնտեսական պատժամիջոց լինել կամ այլ մեխանիզմներ, որոնք կկարողանան երկարաժամկետ ճնշել ագրեսիան:
Սահմանային կուտակումների մասին լուրերի մասին էլ նշում է՝ այդ կուտակումները կարող են լինել և՛ Նախիջևանի կողմից, և՛ Թուրքիայի կողմից, և՛ Իրանի կողմից: Պաշտոնական հաղորդագրություններ չկան, 44-օրյա պատերազմից հետո ամեն դեպքում սահմաններին զորքեր միշտ կան:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան