Մարտի 28-ին կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու Նաիր Թիկնիզյանի նախախաղային մամուլի ասուլիսը Բելառուսի դեմ ընկերական հանդիպումից առաջ:
Ընտրանու գլխավոր մարզիչը նշել է, որ թիմում այժմ փոփոխությունների ժամանակ է: Միևնույն ժամանակ Մելիքյանն ասել է՝ ինչ սկզբունքով է ընտրվել մրցակիցը. «Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել: Եթե շատ ուժեղ մրցակից դիտարկեինք, խաղալու էինք երկրորդ համարով: Դա մեզ ձեռնտու չէր: Ինչ վերաբերում է նորեկներին, եթե հրավիրվել են հավաքական, ուրեմն արժանի են: Վաղվա և մյուս խաղերում նրանք պետք է ցույց տան՝ որքանով կարող են իրենց տեղն ամրապնդել հավաքականում»:
Նաիր Թիկնիզյանն ասել է, որ թիմի համար ընկերական հանդիպումներ չկան. «Պարզապես կան խաղեր, որտեղ անհրաժեշտ է հաղթել և ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Մեզ համար միշտ առաջնային է լինելու հաղթանակը»: