Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 5 զինծառայողի: Նրանցից 4-ը գերեվարվել էին 2020-ի դեկտեմբերին՝ Խծաբերդի տարածքում, 1-ը՝ 2021-ի նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով: Զինծառայողները կեղծ քրեական գործերով Ադրբեջանում դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման: Երեկ Ադրբեջանը հայտարարեց պատժի մեղմացման և նրանց հայկական կողմին փոխանցելու մասին: Բաքուն հաստատում է, որ այս պահին Ադրբեջանում պահվում է 33 անձ, 26-ը՝ Խծաբերդի դեպքով գերեվարվածներն են:
Ադրբեջանից հայ ռազմագերիներին հայրենիք բերող ինքնաթիռը վերջին անգամ Երևանում վայրէջք էր կատարել փետրվարի 7-ին: 8 զինծառայողները Հայաստան վերադարձան Ֆրանսիայի և Եվրախորհրդի նախագահների միջնորդությամբ: Գործընթացին նախորդել էր նրանց մասնակցությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հեռավար հանդիպումը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Մենք շարունակում ենք նույն ուժգնությամբ, նույն ինտենսիվությամբ կոմունիկացիները մեր միջազգային կոլեգաների, մարդու իրավունքների մասնագիտացված կազմակերպությունների, կոմիտեների հետ հաղորդակցությունները: Ամենօրյա աշխատանք է: Չվերադարձման իրավիճակը անասելի ծանր ազդեցություն է ունենում ընտանիքի հոգեբանական, սոցիալական, տնտեսական վիճակի վրա, սա ծանր տրավմա է, որը արհեստական դատավարությամբ խորանում է, սա հանրային հոգեկան առողջության խնդիր է ստեղծում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը վստահեցրել է, որ Ադրբեջանում տղաների պահման պայմանները բավարար են: Քրիստիննե Գրիգորյանը Սաբինա Ալիևային հանդիպել է օրեր առաջ Վարշավայում տեղի ունեցած օմբուդսմենական հավաքի ժամանակ: Սա նրանց առաջին հանդիպումն էր:
Քրիստիննե Գրիգորյան - Ծանոթացել եմ հանձնակատարի հետ, փոխանակել ենք կոնտակտներ: Առնվազն ինքը ինձ վստահեցրել է, որ բոլոր պահվող տղաների նկատմամբ առկա են բավարար պայմաններ, բայց նաև պայմանավորվել ենք, որ լինելու ենք կապի մեջ: Սա նախնական, առաջին շփումն է, կտեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ամեն ջանք դնելու եմ, որ հնարավորինս շատ տեղեկություններ ստանանք:
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարը հավաստիացրել է, որ թե՛ ինքը, թե՛ իր ներկայացուցիչներն այցելում են տղաներին:
Քրիստիննե Գրիգորյան - Հավաստիացրեց, որ անձամբ իր տեղեկատվությամբ է պնդում, որ ամեն բան լավ է: Սպասելու ենք այս համագործակցության շրջանակում կոնկրետ քայլերի:
Պաշտպանի գրասենյակն աշխատում է Ադրբեջանի հսկողության տակ անցած վայրերում հայկական հոգևոր, մշակութային ժառանգության նկատմամբ հնարավոր վանդալիզմի դեպքերը կանխելու ուղղությամբ: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ ՄԱԿ-ի ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտե են ներկայացրել զեկույց՝ Ադրբեջանի կողմից էթնիկ հայության հիմքով տարվող խտրական ատելության, հոգևոր, մշակութային կոթողների նկատմամբ իրականացվող հետևողական քաղաքականության մասին:
Քրիստիննե Գրիգորյան - Փաստը, որ Ադրբեջանը չի արտոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որին ցանկում կներառվեն վայրեր այցեր, որ մտահոգություն են ներկայացնում: Ադրբեջանը ասում է՝ թող գան, բայց որ հուշակոթողները պետք է այցելի, առևտուրը այստեղ է, փորձ է անում հանել ցանկից, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հասանելիություն չունենա: Պարզ քաղաքականություն է վարում Ադրբեջանը:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջիկայում կհրապարակի սահմանամերձ բնակավայրեր այցերի արդյունքը ամփոփող զեկույց: Այն կներառի 20-ից ավելի համայնքներում դիտարկված հումանիտար խնդիրները: Հավաքված փաստերը վերաբերում են Ադրբեջանի զինուժի կողմից խաղաղ բնակչության ահաբեկմանը, կենսագործունեության ապահովման խոչընդոտներին, օրինակ՝ անասնակերի հրկիզմանը, կենդանիների գողության դեպքերին: Զեկույցը կներկայացնեն միջազգային հանրությանը:
Քրիստիննե Գրիգորյան - Պատկերացում կա, որ պատերազմը ավարտվել է, որոշակի կրակոցներ լինում են, մեր ջանքն է լինելու ցույց տալ, որ պատերազմը չի ավարտվել, բացի զոհերից, ահաբեկումներից, վնասարարությունները շարունակվում են, սահմանին ապրողների համար դժվար է:
Առաջարկներ են ներկայացնում նաև կառավարություն՝ խորհրդակցելու համայնքների հետ, թե ինչ միջոցներ ներդնել, որ աջակցման ծրագրերն առավելագույնս թիրախային լինեն: