Հունվար-հունիսը Հայաստանի արդյունաբերության համար բավականին բարձր արդյունք է ապահովել՝ 5.8 տոկոսանոց աճ, ընդհանուր ծավալը` ավելի քան 1 տրլն 36 մլրդ դրամ: Ընդ որում` վերջին շրջանում արդյունաբերության լոկոմոտիվը ոչ թե հանքարդյունաբերությունն է, որն անկում է արձանագրել 10.3 տոկոսով, այլ հիմնականում մշակող արդյունաբերությունը՝ սննդամթերքի, հիմնային մետաղների, ծխախոտի և խմիչքի արտադրության ճյուղերով:
Ի դեպ, եթե նախորդ տարվա առաջին 6 ամսում հանքարդյունաբերության դերը ընդհանուր կառուցվածքում 28.9 տոկոս էր, այժմ այն՝ 24.7 է:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան) - Հանքագործության արդյունաբերության ցուցանիշի նվազեցումը նշանակում է, որ առանց այդ ցուցանիշի մենք կարող ենք ապահովել տնտեսական համապատասխան աճ:
Վերջին տարիներին մրցակցային միջավայրի բարելավումը նպաստել է արտադրողականության մեծացմանը՝ վստահ է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Շատ կարևոր է, որ հենց մշակող արդյունաբերությունը աճ արձանագրի, որովհետև այն ինչ-որ մենք ձևակերպում ենք, որպես մշակող արդյունաբերություն, հայրենական արտադրությունն է: Մեր հողում աճող մրգերի, մեր հողի շնորհիվ ձևավորված այն բոլոր մրգային և հատապտղային բոլոր հնարավոր տարբերակները մենք կարողանում ենք օգտագործել, վերամշակել և ուղարկել տարբեր երկրներ:
5 ամսում արդյունաբերության աճը 2.7 տոկոս էր, հունիսի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ 6 ամսում այս ոլորտն էականորեն աճել է: Հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճը կազմել է 19 տոկոս: Ըստ մասնագետների՝ զբոսաշրջությունը որոշակիորեն ազդել է այս ճյուղի աճի վրա:
Սոս Խաչիկյան - Մեծ ծավալով աճ ապահովել են ինչպես ոսկերչական ոլորտի գործունեությունը, որը նույնպես նշանակում է զբոսաշրջային ներհոսքի աճ, որովհետև զբոսաշրջիկները մեծ չափով հետաքրքրված են հայկական արվեստով, ոսկերչությամբ և այլն, և երկրորդ` մետաղական կոնստրուկցիաների աճը, դրանք հսկայական մեծ ծավալներ են ամբողջ աճի մեջ, իսկ մետաղական կոնստրուկցիաները հիմնականում օգտագործվում են շինարարության մեջ:
Մասնագետների կարծիքով՝ չնայած գոյություն ունեցող ճյուղերը այս կամ այն չափով առաջընթաց են ապահովում, բայց դեռ շատ անելիք կա բարձրարժեք արտադրանք ստեղծելու ուղղությամբ: Սերգեյ Բագրատյանը դեմ չէ այս մոտեցմանը, բայց արդյունաբերության զարգացման 2 տարբերակ է տեսնում:
Սերգեյ Բագրատյան - Մենք 2 հնարավորություն ունենք. կիրառել նորագույն տեխնոլոգիաներ և ունենալ արտադրական որոշակի հզորություններ և հենվել մեր ավանդական գյուղատնտեսության վրա, ունենալ էկոհամակարգին բնորոշ արտադրական ներուժ: Երկու տարբերակում էլ մենք առավել բարձր դիրք գրավելու լուրջ ռեսուրս ունենք:
Հայաստանի արտահանման գլխավոր ուղղությունը համարվող Ռուսաստանում, վերջին իրադարձություններով պայմանավորված, հայկական արտադրանքի պահանջարկը մեծացել է, և այս հանգամանքից ելնելով՝ մասնագետները մինչև տարեվերջ արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելի բարձր ցուցանիշ են ակնկալում:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան