Չնայած նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ տնտեսությունը աճել է 11,8 տոկոսով, բայց, ըստ վիճակագրական տվյալների, այդ աճը չի վերաբերում գյուղատնտեսությանը: Այս ոլորտը 1-ին կիսամյակի արդյունքներով 5,5 տոկոսով կրճատել է ծավալները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6,8 տոկոս աճի փոխարեն: Հրապարակված պաշտոնական տվյալները չեն համապատասխանում գյուղատնտեսության իրական պատկերին՝ կարծում էկոնոմիկայի նախարարը: Նրա դիտարկմամբ՝ թերացումը տվյալների հավաքագրման գործընթացում է:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Գյուղատնտեսական տվյալների հավաքագրումը թվայնացված չէ, և մենք հենվում ենք օպերատիվ տվյալների վրա, որոնք երբեմն անզեն աչքով վստահություն չեն ներշնչում, հաշվի առնելով գյուղարտադրանքի թողարկումն ու արտահանումը, հակասական է թվում այդ անկումը: Հիմա նաև վիճկոմիտեի առաջարկով ընդունելու ենք օրենք գյուղատնտեսության մասին, որ կարողանանք թվային տվյալներ հավաքենք ֆերմերային տնտեսություններից:
Ինտենսիվ այգիների ստեղծման, ագրոտեխնիկայի լիզինգի և այլ ծրագրերի արդյունքում, նախարարի գնահատմամբ, գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր:
Վահան Քերոբյան - Այս ծրագրերն ուղղորդում են ֆերմերներին, կարծում եմ՝ այս պրոցեսը թույլ է տալու ռեսուրսները ավելի ճիշտ ու շատ օգտագործվեն:
ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՃ
Չնայած Իրանի հետ բեռնափոխադրումների ծավալը չի փոխվել, բայց կա առևտրաշրջանառության աճ: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2022-ի առաջին 5 ամսվա ընթացքում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 246 մլն դոլար, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 33,7 տոկոսով: Քերոբյանը մանրամասնում է՝ Իրանի հետ միայն ցամաքային ճանապարհով չէ, որ զարգացնում ենք հաղորդակցությունը:
Դրանք կարող են լինել ծառայությունների, օդային բեռնափոխադրումների տեսքով, որը բավական հաճախ է:
Մեր առևտրային ներկայացուցիչը Իրանում ակտիվ է աշխատում առևտրի ու ներդրումներ բերելու իմաստով:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՒՂՂԵԼ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ. ՔԵՐՈԲՅԱՆ
Վերադառնալով գյուղատնտեսությանը՝ նշում է՝ ներդրումները պետք է ուղղել հատկապես այդ ոլորտ, հատկապես այն դեպքում, երբ մեր երկրում մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը միայն, իսկ մնացած 50 տոկոսը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում։ Նախարարը հիշեցնում է՝ Կառավարությունը վերջին նիստին հաստատեց գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025 թթ. ծրագրերը: Իսկ դա նշանակում է.
Վահան Քերոբյան - Եթե որևէ ներդրող մարդ կամ կազմակերպություն կոնսոդիլացնի 30-200 հա հող, Կառավարությունը կփոխհատուցի այդ հողի բարելավման և ջրավազանի կառուցման ծախսերի 50 տոկոսը, 1 հա-ի չափով կարող է լինել 1 մլն 300 հազար դրամ:
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԼԱՐՍՈՒՄ ԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախարարի դիտարկմամբ՝ չնայած Լարսում այս տարվա մեծ կուտակումներին, որոնց պատճառը ոչ միայն սեզոնային ծանրաբեռնվածությունն է, այլև հակառուսական պատժամիջոցները, արտահանման ծավալներում անկում չենք գրանցել:
Անցած տարվա համեմատ հունիսին 64 տոկոսով է աճել արտահանումը, ինչը ցույց է տալիս, որ, անկախ դժվարություններից, լավ ենք աշխատում:
Հուլիս ամսին հունիսի համեմատ մեքենաների թիվը ավելացել է 10 տոկոսով, և հույս ունենք, որ ավելի կշատանա, քանի որ ռուսական կողմը նոր անցագծեր է անցկացնում, ու երկրորդ մաքսակետն է ներդրել:
Շեշտում է՝ իրավիճակը, ամեն դեպքում, շարունակում է մնալ բարդ, և հենց այդ նպատակով լոգիստիկ այլ ուղիներ ունենալու ուղղությամբ են աշխատում՝ օդային և լաստանավային: Վերջինի մեկնարկին, ըստ նախարարի, քիչ է մնացել:
Շատ մոտ ենք չվացուցակը հրապարակելուն, մնում է մի քանի փոքր դետալներ շտկել, մեր թիմը շատ սևեռված է այդ հարցը վերջնականապես լուծելուն, քանի որ դա, հասկանում ենք՝ խիստ անհրաժեշտ է հիմա և ավելի անհրաժեշտ կդառնա ձմռանը:
Երբ լինի լաստանավային փոխադրումների այդքան սպասված մեկնարկը՝ Կառավարությունը նաև կսուբսիդավորի, այսինքն՝ փոխադրողը կվճարի միայն երկաթուղով տեղափոխման համար, իսկ լաստանավով փոխադրման ամբողջ ծախսը կփոխհատուցի Կառավարությունը։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան