4 տարի առաջ, երբ Արմավիրի ղեկավարությունը պետության ֆինանսավորմամբ սկսեց բարեկարգել քաղաքի կենտրոնական այգին, պլաններում «Հերոսների արահետ» հիմնելու միտք նույնիսկ չկար: Գաղափարն ավելի ուշ ծնվեց. որոշվեց պուրակ-հուշարձանը նվիրել հայոց պետականության համար նահատակված բոլոր ժամանակների հերոսներին:
Հուշարձանի սպիտակ տրավերտինը բերվել է Իրանից, որովհետև տեղական քարատեսակի վրա ծակոտկենների պատճառով անհնար է տառեր փորագրել: Նախագծի հիմքում հայ գիրն ու մեծ և փոքր կամարներն են: Առաջինը խորհրդանշում է պետականության հենասյուներից մեկը, երկրորդը՝ պայքարի շարունակականությունը:
Ստեփան Դավթյան (նախագծի հեղինակ) - Կամարը ժամանակի ու տարածության մեջ խորհրդանշում է մեր պետականության համար պայքարած քաջերի գործը:
Պուրակ-հուշարձանը, թեև անմահների հիշատակը հավերժացնելու համար է, բայց նաև ապրեցնելու խորհուրդ ունի: Մուրճի ու բրիչի ամեն հարվածի հետ քանդակագործ Հովհաննեսը եղբորն է հիշել:
Հովհաննես Ստեփանյան (քանդակագործ) - Իմ եղբայրն էլ է զոհված, ես ցանկացել եմ իմ գործով ինչ-որ բան թողնել, որ իմանան՝ մենք հիշում ենք իրենց:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մեր հերոսների կյանքով այսօր շարունակվում է Հայաստան աշխարհը, շարունակում ենք ապրել՝ փորձելով արդարացնել նրանց սխրանքները, փորձելով մայր հողն այնպես կառուցել, որ այն արժանի լինի նրանց սխրանքներին:
Մաս-մաս կառուցված այգու վերջին լրացումը «Հերոսների պուրակն» է: Սա պետություն-համայնք-մասնավոր գործակցության լավագույն օրինակներից է: Թե՛ այգու բարեկարգման, թե՛ հուշարձանի կառուցման գործում իր ներդրումն է ունեցել նաև արտասահմանում բնակվող, ծնունդով արմավիրցի Արտակ Յավրյանը: Պուրակ-հուշարձանի շինարարներն ու բարերարը պարգևներ ստացան:
Դավիդ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Էս պուրակը չպետք է սուգ խորհրդանշի, սա պետք է կյանք խորհրդանշի, որովհետև բոլոր ժամանակների հերոսներն իրենց կյանքը տվել են կյանքի համար, պետականության համար, և այսօր Հայաստանի երրորդ հանրապետության գոյությունը հենց այդ հերոսների նվիրական կյանքի շնորհիվ է:
Բարեկարգման մի նախագիծ էլ քաղաքի հրապարակի հետ է կապված: Խուդաթյանը մանրամասներ չհայտնեց, բայց խոստացավ՝ մյուս տարի հրապարակն ավելի գեղեցիկ է դառնալու: