Առողջապահության ոլորտում ռեֆերենս լաբորատորիաների շրջանակները հստակեցնելու նպատակով Կառավարությունը լրացում է կատարում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` չնայած օրենքով սահմանված է` ռեֆերենս լաբորատորիան Կառավարության սահմանած կարգով ճանաչված լաբորատորիա է, որը մեկ կամ մի քանի հետազոտական ցուցանիշներով մասնագիտացված չափումների առավելագույն ճշգրտություն ապահովելու համար ունի անհրաժեշտ կարողություն և կոմպետենտություն, այդուհանդերձ, գործող օրենսդրությամբ ամրագրված չեն ռեֆերենս լաբորատորիների գործունեության շրջանակները, ինչպես նաև դրանց դադարեցման հիմքերը:
Հաշվի առնելով վերոնշյալը` Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ սահմանում է ռեֆերենս նշանակված լաբորատորիաների իրավունքները, պարտականությունները, հետազոտության ռեֆերենսության վիճարկման հիմքերը, ռեֆերենս և ընթացիկ գործառույթների շրջանակները, ինչպես նաև ֆինանսավորման հիմքերը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը բարձրաձայնել է, որ նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում առաջարկող օրինագիծը: