Հուլիսի 2-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ազգային ժողովի պատգամավորի երդման տեքստում:
Նախագծի հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի երդման մեջ առանցքային տեղ հատկացնել պետականության ամրապնդմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Նշվել է, որ գործող տեքստը կարիք ունի արդիականացման՝ արտացոլելու համար ժամանակակից պետականաշինության առաջնահերթությունները: Նոր առաջարկվող խմբագրմամբ պատգամավորը երդվում է գործել հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման:
Զեկուցողն ընդգծել է, որ ազգային իղձերը պետության կայացման պահից սկսած վերածվում են պետական շահերի, և օրենսդիր մարմնի ներկայացուցչի հիմնական գործառույթը հենց այդ շահերի պաշտպանությունն է: Ի տարբերություն գործող տեքստի՝ նոր տարբերակում հստակ ամրագրվում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը, ըստ զեկուցողի, պետք է լինի պատգամավորի գործունեության հիմքում: Երդման տեքստը նախատեսվում է եզրափակել «Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը» կոչով՝ հարգանքի տուրք մատուցելով պետականության համար իրենց կյանքը տված անձանց:
Առաջարկվող նոր երդման տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Փոփոխությունների նպատակն է սահմանադրական օրենքի մակարդակով ամրագրել այն գաղափարախոսությունը, որ պատգամավորը, որպես պետական պաշտոնյա, պետք է ոչ թե առաջնորդվի վերացական նպատակներով, այլ իր ամբողջ գործունեությամբ նպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, քաղաքացիական համերաշխությանը և բարեկեցությանը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը, իսկ Կառավարության դրական դիրքորոշումը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: