Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային` երկրի վրա արձակելով ավելի քան 70 հրթիռ և մոտ 500 անօդաչու: Կիևում 21 մարդ զոհվել է, 85-ը՝ վիրավորվել: Ուղիղ հարվածի տակ է հայտնվել 20 բնակելի շենք: Կիևում հուլիսի 3-ը սգո օր է հայտարարվել: Զոհեր և վիրավորներ կան նաև Դնեպրոպետրովսկում, Խարկովում, Զապորոժիեում, Սումիում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պարտվում է պատերազմը, հետևաբար, կսկսի ավելի շատ հարվածներ հասցնել, հատկապես՝ բալիստիկ հրթիռներով: Նա նշել է, որ Կիևն անպայման կպատասխանի այս հարվածներին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաիանայի դեմ հարվածները որակել է որպես պատասխան Կիևի կողմից Ռուսաստանի դեմ հարձակումների: Կրեմլի խոսնակն էլ պնդել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածներն իրականացվել են միայն ռազմական և այդ ոլորտի հետ փոխկապակցված օբյեկտների դեմ: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կշարունակի մեծացնել ճնշումը Կիևի վրա՝ սահմանված նպատակներին հասնելու համար:
Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի Նիժեգորոդսկի մարզում հարված է հասցրել «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարաններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել: Ռուսաստանում հայտնել են, որ ուկրաինական հարվածներից Խերսոնում կա զոհ և 3 վիրավոր: Եվ մեկ մարդ վիրավորվել է Բելգորոդի մարզում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան