Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների փաթեթը։
Նախարար Սարգսյանը հիշեցրել է, որ նախաձեռնությամբ առաջարկվում է քրեական դատավարության և քրեակատարողական փուլերում դատական նիստի անցկացման անհրաժեշտության դեպքում դիտարկել տեսակապի ձևաչափով նիստն անցկացնելու հնարավորությունը։
Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները սահմանված դեպքերում հնարավորություն կունենան դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով՝ ինչպես քրեական դատավարության փուլում, այնպես էլ պատժի կատարման ընթացքում։ Տեսակապը կարող է կիրառվել ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում։
Տեսակապ կարող է կիրառվել հասարակական կարգի, առողջության, վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման կամ դատական քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու նպատակով։
Կարգավորման արդյունքում պետք է ապահովվեն նաև պաշտպանի և պաշտպանյալի միջև հաղորդակցության գաղտնիությունը, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները։
«Հաշվի առնելով այս ինստիտուտի մասով Եվրոպական դատարանի վճիռները և այլ երկրների փորձառությունը և պահպանելով այդ բոլոր ստանդարտները՝ նախատեսել ենք տեսակապով դատական նիստի անցկացման հնարավորություն, ընդ որում թվարկված են իրավաչափ բոլոր պայմանները, որոնք կերաշխավորեն կողմերի իրավունքներն ու համաչափությունն այս գործընթացում»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
ՆԳ նախարարը շեշտել է նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փաթեթում ներառվել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, քանի որ կարգավորումը վերաբերում է ազատությունից զրկված բոլոր անձանց: