Ալբանիայում ափամերձ և պաշտպանված տարածքներում նախատեսվող ծրագրերի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Երեք իրավապահ և մեկ ցուցարար տուժել է:
Խորհրդարանի առջև հավաքված ցուցարարները հավկիթներ և ալյուր են նետել իրավապահների և որոշ օրենսդիրների ուղղությամբ: Ոստիկաններն էլ ջրցան մեքենաներ են գործի դրել և արցունքաբեր գազ կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:
Տիրանայում ցույցեր են տեղի ունենում արդեն ավելի քան մեկ ամիս: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի համար: Իշխանությունները հերքում են մեղադրանքները:
Սկզբում ցուցարարները դժգոհություն էին հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ կապված շքեղ հանգստավայրի կառուցման դեմ, այնուհետև բողոքի ակցիաները տարածվել են նաև ծովափին կառուցվող այլ նախագծերի վրա: