Հայաստանի և Եվրամիության համատեղ ընդունած հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր. հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ կառավարությունում հյուրընկալելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանին կհատկացվի լրացուցիչ 18 միլիոն եվրո, որը 52 միլիոն եվրո օգնության փաթեթի եզրափակիչ մասն է։
ԵՄ-ն 20 միլիոն եվրո էլ կուղղի սահմանամերձ բնակավայրերի փոքր բիզնեսին: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է փոխկապակցվածության ծրագրերում ներդրումներ իրականացնելու մասին, որոնք կապում են Եվրոպական միությանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։
«Հայաստանն այստեղ կենսական դեր է խաղում՝ շնորհիվ իր դիրքի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը կարող է հասնել մինչև 2 մլրդ եվրոյի:
Վարչապետը ընդգծել է տարածաշրջանային կապուղիների բացման հետ կապված նոր հնարավորությունները, նշել, որ Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, և սա պատմական իրադարձություն է։ Պետության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ ջանքերը, և հետևողական աջակցությունը Հայաստանին։
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։