Գործադիրը սահմանել է Զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, չափորոշիչները (այդ թվում՝ զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության գործառույթներին, կառուցվածքին վերաբերող նվազագույն պահանջները), որակավորման վկայականի ձևը, որակավորման վկայականի ժամկետը, վկայականի տրամադրման կարգը, որակավորման դադարման հիմքերը։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում, հատկապես Երևանից դուրս, զբոսաշրջային ենթակառուցվածքների ներկա վիճակը բավական հնարավորություն չի ընձեռում ավելի շատ քանակով և բարձր վճարողունակությամբ զբոսաշրջիկներին սպասարկելու համար։
Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել համակարգված և համաչափ տարածքային զարգացում, զբոսաշրջային ռեսուրսների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջոցառումների պատշաճ իրականացում, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման ապահովում։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կոմիտեն սերտորեն համագործակցելու է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության հետ, ինչպես նաև մշակվելու է զբոսաշրջային կենտրոնի կառավարման պլան։
Իրականացվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և ծրագրերի արդյունքների մշտադիտարկում և գնահատում։ Ստեղծվելու են նոր աշխատատեղեր և բարելավվելու է բնակավայրի բնակիչների կենսամակարդակը և բարօրությունը։ Ապահովվելու է զբոսաշրջիկին մատուցվող կամ առաջարկվող ծառայությունների կենսակայունությունը և դրա հետագա զարգացումը, կենտրոնացված, համակարգային կառավարմամբ՝ զբոսաշրջային կենտրոնների գործունեությունը։