Կառավարությունը չի սպասել ԵՄ աջակցությանը, Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահանմանն ուղղված 18 միլիոն եվրո ԵՄ-ի աջակցությանը:
«Այդ աջակցությունն իրականացվում է: Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի»,- ասաց վարչապետը:
Ավելի վաղ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ շուտով կտրամադրեն լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը:
«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների համար խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին»,- ասել էր նա։