«Վնասվել է Արզնի-Երևան 2-րդ ջրատարը: Այն սպասարկում է մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանը: Մասնագետների խոսքով՝ Արաբկիրի 30-40%-ը առնվազն 24 ժամ ջուր չի ունենա»:
Երևանի բաժանորդների 7%-ին խմելու ջուր ապահովող խողովակը վերջին 1 ամսում վնասվում է արդեն երկրորդ անգամ: Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության՝ պատճառը տեղանքում արձանագրվող սողանքներն են:
Վահրամ Մաճկալյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ տեխնիկական տնօրեն) - Մեծ սարեր, անգամ, շարժվում են դեպի գետի հուն, որի արդյունքում այս խողովակները լարման տակ են մնում և վթարվում են:
Վթարը վերացնելու համար աշխատում է հատուկ տեխնիկան: Վահրամ Մաճկալյանը նշում է՝ խողովակի շրջակայքը մաքրելու և հավանական աղետը կանխելու աշխատանքները սկսել էին օրեր առաջ:
Վահրամ Մաճկալյան - Ուրբաթ օրվանից այս տեխնիկան բերել ենք, որպեսզի մաքրենք, այդ լարումները թեթևացնեինք, բայց փաստորեն չհասցրեցինք: Այսօր պետք է ավարտեինք աշխատանքները:
Այն, որ խողովակն անցնում է սողանքային գոտով և կարող է վնասված լինել հենց այդ պատճառով, քաղաքապետարանում էլ են համաձայն, սակայն կոմունալ տնտեսության վարչության պետը նաև այլ վարկած է առաջ քաշում:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ) - Այս խողովակաշարը մոտ 60-70 թվականներին է կառուցվել: Քաղաքի մատակարարման խողովակաշարերը, համ ներքին խողովակաշարերի մատակարարող խողովակաշարերը բավականաչափ հնամաշ են: Սա կարող է նաև հնամաշ լինելու հետևանք լինի:
Արսեն Կարոյանի խոսքով՝ խնդրի հստակ պատճառը գտնելու համար քննարկում կկազմակերպվի: Մինչ այդ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» համատեղ կաշխատեն՝ քաղաքացիների ջրամատակարարումը վերականգնելու և խնդրի լուծման ճանապարհը գտնելու ուղղությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան