Ամռան հանգստի այս շրջանում, երբ էքսկուրսիաներ ու բնության գրկում խնջույքներ էլ ավելի հաճախ են կազմակերպվում, մեծանում է սննդային թունավորումների ու աղիքային վարակների ռիսկը:
Քովիդի համավարակի սահմանափակումները էլ չկան, ու այդ ընթացքում նվազած հիվանդացության դեպքերը նորից թափ են հավաքում:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք, և հիվանդացությունը 21 թվականի համեմատ աճել է 1.2 երկու անգամ:
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը հիշեցնում է՝ պետք է պահպանել հիգիենայի, սանիտարահամաճարակային կանոնները: Միրգն ու բանջարեղենը լվալ հոսող ջրի տակ՝ 2-3 րոպե, սնունդը պատրաստելուց առաջ լվացվել հոսող ջրով և օճառով: Եթե դրանք չկան, ձեռքերը ախտահանել:
Կարևոր է պատրաստի սննդամթերքը պահել հում մթերքից առանձին, որովհետև եթե ջերմային մշակման չենթարկված մթերքը վարակված լինի, դա կարող է փոխանցվել արդեն մատուցելու պատրաստ մթերքին:
Ռոմելլա Աբովյան - Շատ կարևոր է, որ էքսկուրսիաների ժամանակ սննդամթերքը, որը տեղափովում է բավականին երկար ժամանակ, եթե հատկապես դրանք արագ փչացող սննդատեսակներ են՝ միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, անհրաժեշտ է պահպանել սառնարան-պայուսակների մեջ և հնարավորինս խուսափել արագ փչացող սննդամթերք օգտագործելուց էքսկուրսիաների ժամանակ, զերծ մնալ կրեմային հրուշակեղենից ամառվա շոգին, քանի որ դրանք բավականին մեծ ռիսկ են սննդային թունավորումների համար:
Բայց եթե ամեն դեպքում այս կանոնները չեն պահպանվել, պետք ճանաչել հիվանդության ախտանշանները և դրանք ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել մոտակա բուժհաստատություն: Ախտանշանները կարող են հայտնվել սնունդն ընդունելուց հետո երկու ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում:
Ռոմելլա Աբովյան - Հիմնականում ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավեր:
Ինքնաբուժմամբ չզբաղվել, հակաբիոտիկներ չընդունել՝ ընդգծում է Աբովյանը, որովհետև դրանց ոչ տեղին կամ սխալ կիրառումը կարող է այլ խնդիրներ առաջացնել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան