Բարձրագույն դատական խորհրդում կրկին նախընտրական կրքեր են: Նախորդ շաբաթ Խորհրդի որոշմամբ էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին կառույցի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: Եվ մինչ կլրանար 10-օրյա ժամկետը, որի ընթացքում պետք է նոր նախագահ ընտրվեր, հրաժարական տվեց խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը:
Հուլիսի 4-ին նշանակված ընտրությամբ ԲԴԽ-ն նախագահ չընտրեց: Առաջադրված թեկնածուներն էին կառույցի գիտնական անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Նրանցից, սակայն, ոչ մեկը թե՛ առաջին և թե՛ երկրորդ փուլերում բավարար՝ 6 ձայն չստացավ: Փակ գաղտնի քվեարկությունից հետո հայտարարվեց, որ կառույցը կղեկավարի պաշտոնակատարը:
Գրիգոր Բեքմեզյան (ԲԴԽ անդամ) - Պաշտոնակատարի պարտականությունը պետք է իրականացնի օրենքով նախատեսված կարգով ավագ անդամը, որը պարոն Միքայելյանն էր, բայց պարոն Միքայելյանը հրաժարվեց պաշտոնակատարի պարտականությունները կատարելուց: Հաջորդ տարիքով անդամը պարոն Չիչոյանն էր, որը, ըստ էության, ստանձնեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի լիազորությունները` մինչև նոր ընտրությունները կնշանակվեն:
Սերգեյ Չիչոյանը կարող է պաշտոնակատար լինել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ չի ընտրվել, Բեքմեզյանն այստեղ օրենքի բաց է նկատում:
Գրիգոր Բեքմեզյան - Մենք հասկացանք, որ օրենքն ունի մի շարք խնդիրներ, մասնավորապես, կարող է անորոշ ժամկետով խորհրդի նախագահ չընտրվել, օրինակ՝ բավարար ձայներ այդպես էլ չհավաքի: Էս դեպքում մինչև իր պաշտոնավարման ժամկետը լինել նախագահ, ինչը պետք է հնարավորինս շուտ փոխվի, ցավոք սրտի, մենք սա երեկ գիտակցեցինք, որովհետև մինչև այժմ նման խնդրի առաջ չէինք կանգնել:
Խորհրդի 10 անդամներից այս պահին 7-ն են գործում։ Բացի Ռուբեն Վարդազարյանից և Գագիկ Ջհանգիրյանից, դադարեցվել են նաև Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները՝ Վճռաբեկի դատավոր ընտրվելու հիմքով: Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից օրեր առաջ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր գաղտնի ձայնագրություն, որում Ջհանգիրյանը նրան հորդորում էր ինքնակամ հեռանալ Խորհրդի նախագահի պաշտոնից` երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։
Գրիգոր Բեքմեզյան - Մենք ունենք մեկ դատավոր անդամի թափուր տեղ և 2 գիտնական անդամի թափուր տեղ: Համապատասխան ծանուցումներն ուղարկված են Դատավորների ընդհանուր ժողովին, որն ընտրում է դատավոր անդամին, և Ազգային ժողովի նախագահին, որն ընտրում է գիտնական անդամներին:
Հուլիսի 27-ին արդեն դատավոր անդամի ընտրության համար Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրված, իսկ Ազգային ժողովն այս հարցով դեռ նիստ չի գումարել:
Բեքմեզյանն ընդգծում է՝ 3 անդամի բացակայությունը խոչընդոտ չէ Խորհրդի բնականոն աշխատանքի համար. եթե բացականեր չլինեն, որոշումներ կայացնելու համար բավարար քվորում ունեն:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան