Թռչնամսի շուկայի զարգացման համար լուրջ հիմքեր են ստեղծվել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացնում է 2021-ին սննդամթերքի շուկայում կատարված ուսումնասիրությունները։
Տեղական արտադրության թռչնամիսը մրցակցային է ներմուծվող թռչնամսի նկատմամբ՝ ընդգծում է Գևորգյանը: Բացի դրանից՝ տեղականը թարմ է, իսկ ներմուծվողը՝ սառեցված: Հավի մսի գինը շարունակում է բարձրանալ:
Շաքարավազի գինն է աճում: Մայիսի 390 դրամի փոխարեն այսօր շաքարավազի 1 կգ-ն արժե արդեն ավելի քան 400 դրամ։
Գեղամ Գևորգյան (ՀՀ ՄՊՀ նախագահ) - ՀՀ-ում այս տարի շաքարավազ չի արտադրվել՝ կապված հումքի ներմուծման խնդիրների հետ։ Մենք անցյալ տարի թույլ տվեցինք քվոտավորված շաքար ներմուծել Հայաստան, որի արդյունքում մի պահ գինն իջել էր։ Բայց այդ քվոտավորված շաքարը ԵԱՏՄ-ում անսահմանափակ քանակի չէ։ Այս տարի նորից փորձելու ենք քվոտավորված շաքար ներմուծել։ Հիմնական երկիրը, որտեղից մենք ներմուծում ենք շաքարավազը, ՌԴ-ն է, իրենք ևս այսօր խնդիր ունեն:
Նվազել է կարագի և ձեթի գինը, 2020-ից հետո դրանք ամենաշատը թանկացած ապրանքներից են։ Պատճառը համավարակն էր: Եգիպտացորենի միջազգային շուկայում ճգնաժամի հետևանքով ձեթի գները բարձրացել են:
Գեղամ Գևորգյան - Մայիսից դեկտեմբեր հատվածում ձեթի գնի մոտ 300 դրամ նվազում է տեղի ունեցել, բայց, միևնույն է, այդ նվազեցված գինը շուկայի կարգավորման, COVID-ի հետևանքների վերացման արդյունքում էլ ավելի կիջնի:
Ալյուրի շուկայում ևս թանկացում է գրանցվել՝ 1 կգ-ը 20 դրամով։ Տարվա ընթացքում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է եղել ձվի շուկան, որտեղ արձանագրվել է գերիշխող դիրքի չարաշահում:
Վառելիքի շուկայում գնային տատանումները Գեղամ Գևորգյանը կրկին կապում է միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով:
Հեղուկ գազի թանկացման պատճառը, հանձնաժողովի նախագահի կարծիքով, Պակիստանում և Իրաքում սպառման ծավալների ավելացումն է: Վարույթներ են հարուցվել նաև կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի, օնլայն տիրույթում առևտրային գնումների հետ կապված: Ոսումնասիրվում է նաև օնլայն տաքսիների շուկան: Աշխատանքներ են տարվում դեղերի շուկայում գների կարգավորման գործիքակազմ ներդնելու ուղղությամբ: Կկարգավորվեն նաև տնտեսվարողների կողմից տոնական կամ այլ օրերին իրականացվող զեղչերի հետ կապված խնդիրները:
Այս տարի համակենտրոնացումների 3 խոշոր գործարք է կատարվել: Փոխկապակցված ընկերությունների կողմից ձեռք է բերվել «Պետրոլ մարկետի» 100 տոկոսը: Արդյունքում բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերի մոտ 60 տոկոսը ձեռք է բերել ռուսական «Արդյունաբերական ընկերությունը»: Սա հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է եղել, նկատում է Գևորգյանը: Երրորդ խոշոր գործարքը հեռահաղորդակցության ոլորտում է: Rostelecom ընկերության բաժնետոմսերը ձեռք են բերել ՀԷՑ-ն ու ֆիզիկական մեկ անձ: