Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի նախօրեին Երևանում տեղի է ունեցել հայ-ռուսական համատեղ գիտաժողով, քննարկել են երկրաշարժի պատճառները, նման աղետների կանխարգելման հնարավորությունը: Քննարկման մասնակիցները հույս են հայտնել, որ տարիների ընթացքում կուտակված փորձը կօգտագործեն միայն վարժանքների ընթացքում:
Այս մեքենաները փոսում են հայտնվել երևակայական երկրաշարժին հաջորդած ցնցման հետևանքով: Ցուցադրական վարժանքի ընթացքում հայ, ռուս և իրանցի փրկարարները, ինչպես նաև կարմիր խաչի կամավորներն այստեղից դուրս բերեցին երևակայական տուժածներին, ևս մեկ անգամ ապացուցելով՝ պատրաստ են ցանկացած անկանխատեսելի իրավիճակի»:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ամեն ինչ սկսվեց շենքի փլուզմամբ, ինչից հետո տուժածներն սկսեցին օգնություն կանչել: Առաջինն աղետի վայր ժամանեցին հայ փրկարարները: Մինչև նրանք ուսումնասիրում էին փլուզման տեղանքը, հետևեց երկրաշարժի հետցնցումը: Ստորգետնյա հարվածի ալիքը կայանված մեքենան գլորեց ձորը:
Պատահարի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար ժամանեց հայ և ռուս հրշեջների հերթական հաշվարկը: Այդ ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության փրկարարների ջանքերով փլուզված շինությունից դուրս բերվեցին արգելափակված քաղաքացիները: Հրդեհները մարելուց հետո էլ փրկարարական ջոկատներն ու Կարմիր խաչի կամավորներմ սկսեցին մեքենաներից և փլատակների տակից երևակայական տուժածների դուրսբերման աշխատանքները:
Ցուցադրական վարժանքին հետևում էին Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարարները:
Արմեն Փամբուխչյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ - Մենք վաղուց պատրաստվում էինք այս զորավարժությանը, և մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ նմանատիպ աղետների դեպքում ունենք պատրաստվածություն, ինչպես նաև կան օժանդակ ուժեր, որոնք կարող են արագ արձագանքել և օգնության հասնել Հայաստանին:
Վարժանքին նախորդել էր ռուս-հայկական համատեղ գիտաժողովը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:
Անդրանիկ Փիլոյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար - Սպիտակի 1988թ. դեկտեմբերի 7-ի ուժեղ երկրաշարժը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ չէր դիմակայելու այդ աղետին: Պատրաստ չէինք, որովհետև մոռացել էինք Լենինականի 1926թ. 8-9 բալանոց երկրաշարժի դասերը, մոռացվել էր նույնիսկ Զանգեզուրի 1968թ. 8 բալանոց երկրաշարժը և միայն Սպիտակի երկրաշարժից հետո, վերլուծելով նրա դասերը, ՀՀ կառավարությունն ստեղծեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, պետական մի կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր սեյսմիկ անվտանգության ապահովումը:
1988թ. երկրաշարժը հողին էր հավասարեցրել Գյումրիի 60 տոկոսը: Քաղաքի 230 հազար բնակչից մահացել էր 17 հազարը: Աղետից ավերված Սպիտակում մահացել էր 4 հազար մարդ: Երկրաշարժը զգալի վնաս էր հասցրել նաև երկրի տնտեսական ներուժին՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն:
Նիկոլայ Գրեչուշկին, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ - Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթանեց ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում բնական աղետների կանխարգելման, դրանց վնասների նվազեցման համակարգի ստեղծմանը, նաև այս ոլորտում միջազգային գործակցության խորացմանը:
Գիտաժողովի մասնակիցները քննարկեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի պատճառները, նման աղետների կանխարգելման հնարավորությունը: Օրվա ավարտին հույս հայտնեցին, որ տարիների ընթացքում կուտակված փորձը այսուհետև ևս կօգտագործեն միայն համատեղ վարժանքների ընթացքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան