Խնդիրը հետևյալն է. երբ մարդիկ հերթագրվում են ԵՄ երկրներ վիզա ստանալու համար, և իրենց հերթը ամիսներ անց պետք է գա, ուզում եմ արձանագրենք՝ ինչն է պատճառը: Այս մասին Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց վարչապետը՝ անդրադառնալով խնդրին, որ ունենում են ՀՀ քաղաքացիները ԵՄ երկրների վիզաներ ստանալու հարցում:
Վարչապետի խոսքով՝ նախորդ օրը ԱԺ-ում իր ունեցած ելույթում խոսել է, սակայն պարզվել է՝ թիվը ճիշտ չի ասել:
«Ասացի, որ 400 տոկոսով է աճ գրանցվել դեպի Եվրամիություն ուղևորահոսքերի և դեպի ԵՄ երկրներ 2017 թվականի համեմատ, 2025-ին 580 տոկոսով աճ է արձանագրվել: Պատկերացնո՞ւմ եք, այսինքն՝ եթե 2017-ին մեկնել էր 1000 մարդ, 2025-ին մեկնել է 5800 մարդ: Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր ակնհայտորեն ստացել են վիզա, հակառակ դեպքում չէին կարող գնալ: Մենք մի քանի տարի է՝ այս թեմայով զբաղվում ենք: Մեր գործընկերներն ասում են՝ բյուջետային պլանավորում ունենք, ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում հոսքի այսպիսի մեծացում է տեղի ունենալու»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ նաև դա է պատճառը, որ մենք վիզաների ազատականացումն ենք բանակցում:
«Ի միջի այլոց, Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է վիզաների ազատականացման շուրջ, և ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունք կարձանագրենք»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է իր՝ նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթին, որում ասել էր, որ 2 եվրոյով ավիատոմս կա դեպի Լառնակա, հավաստիացրեց՝ ««Այո իմ ելույթի պահին, երբ ես սկսել եմ դրա մասին խոսել, ամսի 19-ի համար 2 եվրոյով եղել է տոմս, սքրինշոթը իմ հեռախոսում կա։ Բայց գիտեք, որ գները լողացող են, նաև քննարկումներ կան, որ ես ասում եմ, որ թոշակառուները կարող են բարձրացրած թոշակով ստանալ:
Այո, եթե 2 եվրո է տոմսը, բնականաբար, 10.000 դրամով քանի տոմս կարող են գնել։
Ընդհանրապես, միջազգային կյանքում շատ ընդունված է, որ մարդիկ իրենք թոշակի տարիքը օգտագործում են ճամփորդելու համար, և մենք էլ այդպիսի նպատակադրում ունենք։ Իսկ ո՞վ է ասել, որ մարդը թոշակային տարիքում պետք է գամված լինի իր տանը, իր բակին, մարդիկ պետք է ճամփորդեն։
Պարզ է, որ այսօր իրենք այդ հնարավորությունները չունեն, մենք դեռ նոր-նոր նվազագույն սպառողական զամբյուղի շեմն ենք հաղթահարում, բայց համատեղ աշխատանքի արդյունքում մենք, իհարկե, համոզված եմ, այդ խնդիրը նույնպես կլուծենք, որ նախ՝ մեր սիրելի թոշակառուները սկսեն Հայաստանի Հանրապետության մեջ շատ ճամփորդել, հետո նաև արտերկիր ճամփորդել։ Ի վերջո, դա բարեկեցության շատ կարևոր մի էլեմենտ է։
Մենք Եվրամիության հետ գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք, և Եվրամիություն-Հայաստան առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,- ասաց վարչապետ Փաշինյանը։