Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացվող շարունակական կանխարգելիչ-հսկողական աշխատանքների ընթացքում սույն թվականի սեպտեմբերի 12-ին և 13-ին Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում և Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ցորենի արտում արձանագրվել են հրդեհի բռնկման դեպքեր։
Էկոպարեկային ծառայողները, անմիջապես արձագանքելով հրդեհի բռնկումներին, ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ՝ կանխելով կրակի հետագա տարածումը, և միաժամանակ ահազանգել են ՆԳՆ փրկարար ծառայություն։
Փրկարարների ժամանումից հետո Էկոպարեկային ծառայության ծառայողները շարունակել են ակտիվորեն մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին՝ համատեղ ուժերով նպաստելով հրդեհների ամբողջական մեկուսացմանն ու մարմանը։
Այս դեպքերը ևս մեկ անգամ ընդգծում են Էկոպարեկային ծառայության իրականացրած շարունակական կանխարգելիչ-հսկողական աշխատանքների, ծառայողների զգոնության և օպերատիվ արձագանքի կարևորությունը՝ հրդեհների տարածումը ժամանակին կանխելու և դրանց հնարավոր հետևանքները նվազեցնելու գործում։